Կրակոցներ՝ մեքենայի ուղղությամբ․ Մալաթիայում հնչած կրակոցների դեպքով կան ձերբակալվածներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին ձերբակալվել են Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Էդգար Առաքելյանը եւ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 23-ամյա Սարգիս Ավետիսյանը։

Նրանք ձերբակալվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 149 շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում նշված շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Ավետիսյանի, Է. Առաքելյանի եւ  Նարեկի միջեւ։ Վիճաբանության ժամանակ Ս. Ավետիսյանը իր մոտ պահվող մահակի նմանվող առարկայով մի քանի անգամ հարվածել է Է. Առաքելյանի գլխին, նրան թողնելով անօգնական՝ դեռեւս չպարզված անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Պարզվել է նաեւ, որ Է. Առաքելյանն էլ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոմն Նարեկի անձը պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, մահակը եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Կռվի մասնակիցներից Ս. Ավետիսյանը հանրությանը հայտնի «Նեպտունի» Համիկի տղան է, ով հաճախակի է Բանգլադեշում հայտնվել վիճաբանութունների կիզակետում եւ ամեն անգամ ջրից չոր է դուրս եկել, երեւի, շնորհիվ իրեն ամենազոր համարող հայրիկի եւ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալներից մեկի, ու եթե ժամանակին ճիշտ գնահատական տրվեր նրա կողմից տեղի ունեցած միջադեպերին, ապա այսօր նա գործի չէր դնի մահակը, իսկ Էդգարն էլ ինքնապաշտպանության նպատակով, երեւի, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից կրակոցներ չէր արձակի։ Ուզում ենք հավատանք, որ այս անգամ «Նեպտունի» Համիկի տղան իր կատարած խուլիգանության համար պատասխանատվության կենթարկվի, ու նրան անգամ չի կարող օգնել Մալաթիայի բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Սարգսյանը, ով իր հիմնական գործը թողած՝ ավելի շատ զբաղվում է, թե որտեղից են լրագրողները իմանում դեպքերի մասին, որտեղից են լրագրողները ձեռք բերում տեղեկություններ՝ տեղի ունեցած հանցագործությունների մասին»։

 

Քաղաքականություն

Պատահարներ