Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու․ Թորոսյան

Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բացառությամբ այն 12-ի, որ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում են, մենք եւս 2 խոշոր օբյեկտ ունենք Համաշխարհային բանկի շրջանակներում կառուցվելիք: Դրանցից առաջինի՝ Մարտունու ԲԿ-ի շինարարությունը կսկսվի մոտ օրերս: Շուտով կհայտարարվի նաեւ Վայոց Ձորի ԲԿ-ի ամբողջական կառուցման մրցույթը: Այս երկուսը ամբողջությամբ զրոյից են կառուցվելու եւ համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին:

Եվս մեկ հրատապ շինարարություն հնարավորություն կունենանք շուտով անելու, սպասում ենք Կայունացման եւ զարգացման եվրասիական  հիմնադրամի կողմից համաձայնագրի կնքմանը: Կորոնավիրուսով պայմանավորված Վանաձորում կառուցելու ենք նոր իֆեկցիոն հիվանդանոց: Վանաձորի ԲԿ հին շենքը ոչ հնարավոր էր վերանորոգել, ոչ էլ համապատասխանում էր պայմաններին»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այս ամբողջը անելուց հետո պրակտիկորեն չենք ունենալու որեւէ բժշկական հիմնարկ ամբողջ ՀՀ տարածքում, որը կարիք է ունենալու էական ներդրման կամ կապիտալ վերանարոգման: Արսեն Թորոսյանը հստակեցրեց, որ այս ամենը կտեւի 2-3 տարի:


 

Քաղաքականություն