Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների եւ ՀՀ դատախազության բողոքների քննությունը հետաձգվեց, քանի որ բողոքների մի մասը դեռեւս դատարան չէր հասել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Նա հայտնեց, որ դատական նիստը վերանշանակվել է հուլիսի 7-ին, ժամը 11։00-ին։

«Քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է ուղարկվել, այս պահին դեռ դատարան չէր հասել»,- ասաց նա։

Լրագրողների հետ զրույցում պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ նշեց, որ մեղադրող կողմն իրենց բողոքներին ծանոթ չէր. «Մենք ճշտեցինք, որ բողոքն արդեն դուրս էր եկել փոստից, սակայն դատարան դեռ չի հասել։ Մեր բողոքը վերաբերում էր հիմնավոր կասկածին, ինչպես նաեւ մեր առարկությունները՝ մեղադրող կողմի բերված բողոքին՝ խափանման միջոցների հիմքերի առկայության վերաբերյալ»։

Նա նշեց, որ քրեական գործում հիմնավոր կասկած չկա եւ չի էլ ապացուցվել. «Չկան բավարար փաստական տվյալներ՝ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ»։

 

Քաղաքականություն

Պատահարներ