Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաջորդ մրցաշրջանի 2 ձևաչափ, հայ և օտարերկրացի ֆուտբոլիստների մասնակցության 3 տարբերակ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների նախագահներին. տեղեկացնում է  ffa.am-ն:

 

Շահագրգիռ քննարկում ծավալելու ակնկալիքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առաջարկվել է 2 տարբերակ.   

 

1.ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը մասնակցում են 10 թիմեր, որոնք խաղում են 4 շրջանով, անցկացնում են 36-ական հանդիպում՝ գումարած ՀՀ VBET Գավաթի խաղարկության հանդիպումներ՝ յուրաքանչյուր փուլում մեկական: Այս պարագայում առաջնությունն անցնելու է խտացված գրաֆիկով, քանի որ աշնանը անցկացվելու են նաև Հայաստանի ազգային հավաքականի 7 կամ 8 հանդիպումներ։ Նման ընտրության դեպքում առաջնության առաջին հատվածը կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ շաբաթվա կեսին անցկացվող տուրերի քանակը կլինի բավականին մեծ։ Գրաֆիկի խտությունը կախված է լինելու նաև հայաստանյան թիմերի եվրագավաթային մասնակցությունից։ Նման տարբերակի կիրառման դեպքում առաջնությունը չի կարող մեկնարկել ավելի ուշ, քան օգոստոսի 7-ը։  

 

 2. 10 թիմեր խաղում են 3 շրջանով՝ անցկացնելով 27-ական հանդիպում, գումարած ՀՀ VBET գավաթի խաղարկության հանդիպումներ՝ յուրաքանչյուր փուլում՝ երկուական։ Երրորդ շրջանի հանդիպումներում դաշտի տերերը կորոշվեն վիճակահանությամբ։ Նման տարբերակի կիրառման դեպքում առաջնությունը չի կարող մեկնարկել ավելի ուշ, քան օգոստոսի 14-ը։   

 

Անդրադառնալով օտարերկրացի ֆուտբոլիստների սահմանափակմանը՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ մինչև 2018/19 մրցաշրջանը Հայաստանում երբևէ չի եղել խաղի հայտացուցակում կամ հիմնական կազմում օտարերկրացի ֆուտբոլիստների սահմանափակման և ոչ մի նորմ  (բացառությամբ օտարերկրացի դարպասապահների՝ կարճ ժամանակով գործած սահմանափակման)։ Ընթացիկ մրցաշրջանում կիրառվեց որոշակի սահմանափակում, այն է՝ Բարձրագույն խմբում խաղի հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 7-ը պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ: Համաձայն ԵԱՏՄ միջպետական պայմանագրի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները Հայաստանում ունեն աշխատանքային նույն իրավունքները: Այս իրավիճակը հաշվի առնելով և ելնելով հայկական ֆուտբոլի ընդհանուր շահերից՝ ակումբների նախագահներին առաջարկվել է Բարձրագույն խմբի առաջնությունում ֆուտբոլիստների մասնակցության մի քանի տարբերակներ.   

 

1.Խաղի հայտացուցակում նվազագույնը 9 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված  2  ֆուտբոլիստ: Այս դրույթը չպահպանելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:   

2.Խաղի հայտացուցակում նվազագույնը 10 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված, որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Այս դրույթը չպահպանելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:   

 

3.Խաղի հայտացուցակում նվազագույնը 9 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված, որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված 3 ֆուտբոլիստ: Այս դրույթը խախտելու դեպքում ակումբը տուգանվում է խաղի հայտացուցակում Հայաստանում մարզված 9-ից պակաս յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար 1000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ խաղադաշտում Հայաստանում մարզված միաժամանակ 3-ից պակաս յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար՝ 2000 ԱՄՆ դոլարի չափով: Գումարը կուտակվելու է հատուկ հաշվեհամարի վրա և ամբողջապես ուղղորդվելու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր թիմ կարող է խաղադաշտ դուրս բերել անսահմանափակ թվով արտասահմանցի ֆուտբոլիստների, ինչը, սակայն, կբերի ֆինանսական տույժերի։   

 

ՀՖՖ-ն լիահույս է, որ ակումբները մինչև հուլիսի 6-ը կներկայացնեն ինչպես իրենց տեսակետներն առաջարկվող տարբերակների վերաբերյալ, այնպես էլ իրենց սեփական առաջարկ/տարբերակները: ՀՖՖ-ն պատրաստ է լայն քննարկման առարկա դարձնել վերոնշյալ հարցերը՝ փորձելով գտնել հայաստանյան ակումբային ֆուտբոլում ստեղծված իրավիճակին համարժեք ամենաօպտիմալ լուծումները։

 

Քաղաքականություն

Պատահարներ