Չարաշահումներ «Գրքի աշխարհ» համալիրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ․ հուլիսի 26-ին Երեւանի քաղաքապետի ներկայացրած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում Երեւանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։

 

Համաձայն դրա՝ N ՍՊԸ-ն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012թ․ գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր եւ պատրաստ է իր միջոցների հաշվին այդ հասցեում գտնվող հողամասում, Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի համար շինարարական կապալի պայմանագրին համապատասխան, կառուցել նոր կաթսայատուն, դպրոցի` Եզնիկ Կողբացու եւ Պուշկինի փողոցների անկյունային մասնաշենքի վրա` 288 քառ. մետր մակերեսով վերնահարկ` որպես համերգային դահլիճ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Այդ որոշմամբ դպրոցին ամրացված գույքի կազմից հետ է վերցվել` Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասից` 300 քառ. մետր մակերեսով հողամասը, 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատունը եւ նշված աշխատանքների համար, որպես վճարման միջոց, սեփականության իրավունքով փոխանցվել է ՍՊԸ-ին:

Կաթսայատան եւ վերնահարկի շինաշխատանքների նախահաշիվը, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 102 մլն դրամ, իսկ նշված 300 քառ. մետր մակերեսով հողամասի եւ 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շուկայական արժեքը 2012թ․հուլիսի 23-ի դրությամբ կազմում է 100 մլն դրամ:

Կաթսայատան եւ վերնահարկի աշխատանքների իրականացման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքվել է գրավի պայմանագիր` որպես գրավի առարկա նախատեսելով նշված գույքերը:

ՀՀ մշակույթի նախարարության եւ ըկերության միջեւ կնքված գլխավոր կապալի պայմանագրով շինարարության ավարտի ժամկետ է սահմանվել 2,5 տարին, իսկ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների որակի նկատմամբ հսկողության իրականացումը դրվել է նախարարության վրա։
Պարզվել է սակայն, որ նշված համալիրը մինչ օրս չի կառուցվել, ՀՀ կառավարության նշված որոշմամբ չի սահմանվել համալիրի կառուցման նկատմամբ հսկողության պարտավորություն եւ ժամկետ, պետական սեփականություն հանդիսացող նշված հողամասի եւ կաթսայատան շուկայական գնահատում չի իրականացվել եւ շինաշխատանքների նախահաշիվ ու նախագծանախահաշվային փաստաթղթեր չեն կազմվել:

Պարզվել է նաեւ, որ ՍՊԸ-ն, դառնալով պետական սեփականություն հանդիսացող նշված 335.3 քառ. մետր մակերեսով հողամասի սեփականատեր եւ իր ակտիվում ունենալով միայն նշված հողամասը, 2016թ. սեպտեմբերին օտարվել է 160 մլն. դրամով, իսկ 2019թ. մարտ ամսին հողամասը գրավադրվել է բանկում՝ գնահատվելով 194 մլն դրամ: Այսինքն՝ ՀՀ կառավարության 26.07.2012թ. թիվ 1052-Ա որոշման մեջ ներառվել են պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքի, ինչպես նաեւ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եւ շինաշխատանքների արժեքի վերաբերյալ առերեւույթ կեղծ տվյալներ:

Բացի այդ, 2015թ․ հունիսին փոփոխվել է ՀՀ կառավարության 26.07.2012թ. թիվ 1052-Ա որոշումը եւ սահմանվել է, որ «Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի համար նախատեսված շինաշխատանքների փոխարեն ՍՊԸ-ն պետք է ձեռք բերի 82.477.000 դրամ արժեքով երաժշտական գործիքներ, իսկ ձեռքբերվող երաժշտական գործիքների որակի նկատմամբ հսկողությունը դրվել է ՀՀ մշակույթի նախարարության վրա։

2016թ. մայիսի 12-ին կազմված հանձնման-ընդունման արձանագրությամբ ընդունվել են 83.611.570 դրամ արժեքով երաժշտական գործիքները: Սակայն ՀՀ ՊՎԾ աշխատակիցների նախաձեռնած փորձաքննությամբ պարզվել է, որ դրանից ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնված 47.265.000 դրամ արժեքով (առանց ԱԱՀ) 10 ջութակների եւ 2 ալտերի իրական շուկայական արժեքը կազմում է 22.950.000 դրամ կամ 24.315.000 դրամով պակաս:

Այսինքն ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք ՍՊԸ-ի ներկայացուցչի օժանդակությամբ կազմված հանձնման-ընդունման արձանագրության մեջ ներառել են մատակարարված երաժշտական գործիքների իրական արժեքի վերաբերյալ կեղծ տվյալներ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով առերեւույթ հափշտակելով 24.315.000 դրամ առանձնապես խոշոր չափերի պետական միջոցներ:

Ուսումնասիրությամբ ի հայտ են բերված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

Քաղաքականություն

Պատահարներ