Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման հետ․ Աննա Մկրտչյան

Խաբում են հանրությանը, հորինում ստեր, մոլորեցնում քաղաքացիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը, որը  հերքումով անդրադարձել է լրատվամիջոցների այն հրապարակմանը, թե «Հայինկասացիա» ՓԲԸ 200 աշխատակիցներ մնալով անգործ պատրաստվում են անցնել աշխատանքի «Երևանինկասացիայում»։ 

«Վերջին օրերին ես մի քանի անգամ, տարբեր լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, հայտնել եմ, որ Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման հետ:

Հայտնել եմ նաև, որ Սուքիասյանների մասին միտումնավոր ստեր են հորինվում՝ հանրությանը մոլորեցնելու համար: «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման հետ Սուքիասյաններն առնչություն չունեն, այդ ընկերության իրավահաջորդը չեն, այդ ընկերության աշխատակիցների նկատմամբ ոչ մի պատասխանատվություն չունեն:

Այս ամենի մասին բոլոր լրատվական միջոցներով մի քանի անգամ խոսել եմ, այդ մասին ասել են նաև Կենտրոնական բանկից, բայց մարդիկ կան, որոնք շարունակում են ստերով կերակրել մարդկանց:

Մի վերջին անգամ էլ չեմ զլանա, որոշ ստախոսների համար կկրկնեմ, կկրկնեմ մեծատառով.
«ՀԱՅԻՆԿԱՍԱՑԻԱ» ՓԲԸ-ի ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԵՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ: ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ՕՐ ՍՏԵՐ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ, ԵՎ ԵՍ ԴՐԱՆՔ ՄԻՇՏ ՀԵՐՔՈՒՄ ԵՄ:

Առողջ եղեք»,-գրել է խոսնակը։ 

 

Հիշեցնենք, որ Auroranews-ը անդրադարձել է քաղաքացիների ահազանգին և հայտնել, որ ««Երևան ինկասացիա»-ն պատկանում է Խաչատուր Սուքիասյանին։ Ինչպես նաև մեզ հետ զրույցում «Հայինկասացիա» ՓԲԸ մի քանի աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտել էր, որ նախ աշխատակիցներից վերցրել են «Հայինկասացիա»-ից աշխատանքից ազատվելու դիմումներ, ապա վերցրել են երկրորդ դիմումը, որի համաձայն, ընդունվում են «Երևան ինկասացիա» ընկերություն աշխատանքի։
 

Քաղաքականություն

Պատահարներ