Չեմ կարողանում հավատալ այն փաստին, որ մենք ունեցանք մեր վերջին խոսակցությունը. Տաթևիկ Ռևազյանը` Կարեն Վարդանյանի մասին

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր ցավակցությունը հայտնելով ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ:

«Թանկագի՛ն Կարեն, ես ուղղակի չեմ կարողանում հավատալ այն փաստին, որ մենք ունեցանք մեր վերջին խոսակցությունը:

Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել: Ինձ պատմած քո պատմությունները, թե ինչպես էիք կառուցում ՏՏ ոլորտը Հայաստանում, ինձ վրա շատ մեծ ազդեցություն են թողել: Քո պատմությունները ինձ սովորեցրեցին հասկանալու, թե ինչպես մի քանի նվիրված մարդիկ կարող են փոխել մի ամբողջ ոլորտ: Դու ինձ սովորեցրեցիր, թե ինչպես հասնել մեծ նպատակների՝ քիչ ռեսուրսներով, վառ երևակայությամբ և ստեղծագործական մտքով: Դու ինձ ցույց տվեցիր, թե ինչպես պետք է սիրել Հայաստանը առանց նախապայմանների: Դու բացեցիր իմ աչքերը տեսնելու այն հիանալի կարողությունները, որ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ունեն մեր երեխաները: Դու երբեք չես կասկածել ինձանում, երբեք չես կասկածել երիտասարդների ուժի մեջ: Միշտ գտել ես ժամանակ հանդիպելու և կիսվելու քո գիտելիքներով:

Հիմա մենք այն բախտավոր մարդկանցից ենք, ովքեր մեծ պատիվ ունեն քեզ ճանաչելու և մեծ պարտավորություն քո գործը շարունակելու: Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա՝ քո թողած հսկայական գործը հիշելով և դրանով կրթվելով: Պարույրը և ես անհամբերությամբ էինք սպասում այն օրվան, երբ քեզ կծանոթացնեինք Մոնթեային:

Սրտանց շնորհակալ եմ: Ցավակցություններս քո ընտանիքին և մեր երկրին»,-գրել է Տաթևիկ Ռևազնյանը։

Քաղաքականություն

Պատահարներ