Դիմել ենք ԱՆ-ին. ցանկանում են Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա կա, ներկայումս միայն կոնսերվատիվ բուժում է ստանում։ Նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը 24News-ի հետ զրույցում նշել է, որ թեպետ նա լավագույն բժշկական կենտրոններում է բուժում ստացել, բայց որևէ դրական տեղաշարժ չի նկատվել, արդյունքում Գրիգորյանը դարձել է անդամալույծ։

 

«Գրիգորյանի ուղեկցող հիվանդություններն արդեն ավելի վտանգավոր են դառնում, սա էր նաև պատճառը, որ մոտ մեկ ամիս առաջ նա սրտի կանգ ունեցավ։ Հիվանդությունները ավելանում և վատթարանում են, Գրիգորյանի վիճակն այլևս չի կարող դրական լինել, իսկ Հայաստանի ԲԿ-ներում չի կարող բուժում ստանալ», - ասել է Բաղդասարյանը։ 

 

Պաշտպանը հայտնել է, որ Առողջապահության նախարարությանը պահանջ են ներկայացրել, որ եղած էպիկրիզները հիմք ընդունելով որոշում ստանան Գրիգորյանի բուժումը Ֆրանսիայում իրականացնելու։ Նա նաև հավելեց, որ ներկայումս իրավական գործընթացներ են ընթանում այդ ուղղությամբ։

Պաշտպանը նաև հայտնել է, որ երեկ է տեսակցել Մանվել Գրիգորյանին, վերջինս 24-ժամյա ռեժիմով վերակենդանացման սարքավորումներին է միացված, բացառապես խնամակալների ներկայությամբ է անցկացնում օրը։ 

«Գիտակցությունը տեղն է, ուղղակի նրա հետ մի քիչ զրուցելուց հետո որոշակի բժշկական միջամտության կարիք է զգում, որը ստանալուց հետո կրկին կարողանում է զրուցել դիմացինի հետ», - հավելել է Լևոն Բաղդասարյանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ