Ռուսաստանը հուլիսի 15-ից կսկսի միջազգային թռիչքների սահմանափակումները հանելու հարցով բանակցությունները

Ռուսաստանը հուլիսի 15-ից կսկսի միջազգային թռիչքների սահմանափակումները հանելու հարցով բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, հաղորդում է ՌԲԿ-ը:

«Հուլիսի 15-ից կսկսվեն միջազգային թռիչքների սահմանափակումները հանելու հարցով բանակցությունները: Ենթադրում ենք, որ Տրանսպորտի նախարարությունն ու «Ռոսավիացիա»-ն կառավարությանը կտեղեկացնեն, թե ինչպես են ընթանում բանակցությունները: Յուրքանաչյուր 2 շաբաթը մեկ կգնահատենք երկրներում համաճարակաբանական վիճակը այն չափանիշների հիման վրա, որոնց մասին հայտարարել էին»,-ասել է նա:


Նրա խոսքով՝ կա նման 3 չափանիշ: Առաջինը՝ վերջին 14 օրում հիվանդացության մակարդակը պետք է լինի 40-ի մակարդակի վրա՝ 100 000 բնակչությանը բաժին ընկնող, երկրորդը՝ միջին օրական աճը չպետք է գերազանցի 1 տոկոսը: Եվ երրորդը՝ վիրուսի տարածվածությունը, այն եւս չպետք է գերազանցի 1 տոկոսը:

Նա նաեւ հայտնել է, որ երկշաբաթյա կարանտինի փոխարեն ՌԴ ժամանող օտարերկրացիները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստավորման արդյունքները, որոնք ստացել են ժամանումից առնվազն 3 օր առաջ:

ՌԴ կառավարությունը դադարեցրել էր միջազգային մշտական եւ չարթերային չվերթները մարտի 27-ից:  

Քաղաքականություն