ՀԱՊԿ նիստում Վիկտոր Բիյագովը կոչ է արել դաշնակիցներին դրսևորել «համերաշխություն և փոխաջակցություն»

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի ներկայացուցիչը մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածնքերի և բնակչության թիրախավորմանը:

 

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարիի և Այգեպարի հայկական բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտները։ «Տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամերի ընթացքում անօդաչու թռչող սարքերը հրետակոծել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասել է նա։

 

Վերջին ժամանակաշրջանում, ինչպես նկատել է Վիկտոր Բիյագովը, ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններին, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերին, հակառակ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, ի աջակցություն որի հանդես են եկել ՀԱՊԿ անդամ պետությունները, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, իսկ ներկայում՝ անգամ փորձելով կյանքի կոչել դրանք։

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասել է նա:

 

Տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտության հարցերի համատեքստում ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը:

«Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության և ուշադրության առարկա է ողջ կազմակերպության և նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ:

 

Կոչ ենք անում մեր դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին։ Այս աննախադեպ իրավիճակը կարևոր փորձություն է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ կազմակերպության համար», - ասել է Հայաստանի ներկայացուցիչը:

Ստեղծված իրավիճակի շուրջ ՀՀ մշտական ներկայացուցչությունը կշարունակի աշխատանքներ տանել ՀԱՊԿ շրջանակներում, ասված է հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ մտահոգություն էր հայտնել հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ դադարեցնել կրակը: 

Քաղաքականություն