Շատ կարևոր բարձունքի նկատմամբ վերահսկողություն է հաստատվել. նախկին հրամանատար

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելի է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիգոր Գրիգորյանն, ով նախկինում մի քանի տարի ՀՀ ԶՈւ կազմում ծառայել է սահմանի Տավուշի հատվածում: 

 

«Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ հավանական է՝ իրավիճակն ավելի լարվի: Ես նման հնարավորությունը չեմ բացառում», - ասել է նա: 

Անդրադառնալով վերջին օրերի ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի դիրքային բարելավմանը՝ Գրիգոր Գրիգորյանը նկատեց՝ սա շատ կարևոր գործոն է:

«Այսպիսով մենք կարողանում ենք խորքային՝ մինչև 15-20 կմ տեսանելիություն ապահովել և հակառակորդի թիրախները խոցել: Սա շատ կարևոր է», - նշել է զինվորականն՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե սոցցանցերում տարածված Ղարադաշ, այլ մեկ ուրիշ՝ շատ ավելի կարևոր բարձունքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին է:

Գրիգոր Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ հայ-ադրբեջանական սահմանին նախահարձակ գործողություններ ծավալելով՝ ադրբեջանական իշխանությունը փորձում է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել երկրում առկա բազմաթիվ խնդիրներից:

«Ադրբեջանը պատերազմ է հրահրում, որպեսզի ինչ-որ բաներ կոծկի», - ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ