Բավական ծանր օր ենք ունեցել. Հայկ Չոբանյան

Բավական ծանր օր ենք ունեցել։ Ցավոք, Չինարիում վիրավորին օգնություն ցույց տալիս խոցվել է մեքենա: Հիմնականում թիրախավորվել են Բերդ համայնքի բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։ Այսօրվա առանձնահատկությունն այն էր, որ քաղպաշտպանությունը և պատսպարումը յուրահատուկ էր ու առանձնահատուկ 30 տարիների ամբողջ պատմության ընթացքում։ Օրվա երկրորդ կեսին քաղպաշտպանությունը և պատսպարումը հիմնված էր անօդաչու թռչող սարքերից պատսպարվելու պահանջի վրա։ Այդ մասին Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Մարզպետի խոսքով՝ եթե հրետակոծությունների ժամանակ հնարավոր է դիտարկել, թե թշնամին որտեղ է, այս պարագայում թիրախավորված է եղել ամբողջ տարածաշրջանը։

«Այսօր մեր գործընկերների աջակցությամբ իրականացրել ենք ապաստարանային միջոցների համալրում։ Այս աշխատանքները կիրականացվեն նաև առաջիկա օրերին։ Դրանք ծածկոցներ են, ջրի ապահովման հնարավորություններ՝ ապաստարաններում, դրանք լապտերներ են, որոնք հնարավորւոյթյուն կտան նաև գիշերային պայմաններում մարդկանց պատսպարելու։ Այսօր հիմնականում որոշ գյուղերում բացառապես օգտագործվել են միայն անհատականան ապաստարանները, որոնք հիմնականում տարբեր թաղամասերում նկուղներ են»։

Հայ Չոբանյանը նաև նշել է, որ այս օրերի ընթացքում եղել է 51 դեպք, որոնցից 4-ը՝ ենթակառուցվածքների, 4-ը՝ տրանսպորտային միջոցների, 2-ը՝ ընտանի կենդանիների, և 41-ը՝ շինությունների։ 41 շինություններից 29-ը վնասվել են մինչ այսօր, 22-ը՝ այսօրվա ընթացքում։ 2 շինություն ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է վերականգնել հիմնանորոգման միջոցով՝ առանց նոր շինարարության:

Քաղաքականություն

Պատահարներ