ՀՀ պատվիրակությունը Բելառուսում է

ՀՀ պատվիրակության օդանավն արդեն վայրէջք է կատարել Բելառուսի հանրապետությունում։ Պատվիրակության անդամները ՀՀ վարչապետի գլխավորությամբ պետք է մասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ը:

 

ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Բելառուսի նախագահի հետ։ Նիստերն ու հանդիպումը կկայանան վաղը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է նաև փաստաթղթերի ստորագրում,  ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար՝ հայտարարություն։

 

Հայտարարությամբ հանդես կգան Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն ու Բելառուսի վարչապետը:

Ի դեպ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նոր կորոնավիրուսի օրերին առաջինն է, որ կազմակերպվում է առկա ձևաչափով։

Հայտնի է, որ Բելառուսում արտակարգ դրություն չի էլ հայտարարվել, ավելին, վերջերս ասվել է համավարակի հաղթահարման մասին։ Արդյունքում, այս երկրում հյուրերին ընդունում և սպասում են առանց բժշկական դիմակի ու ձեռնոց կրելու պարտադիր պահանջի։

 

Հայկական պատվիրակությունը Բելառուսի օդանավակայանում առաջնորդվել է հյուրընկալողի ցանկությամբ՝ հիմք ընդունելով այն վստահեցումները, որոնք հնչում են բելառուսական կողմից համավարակի տարածման դեմ կատարվող աշխատանքների մասով։

 

Ամեն դեպքում, բժշկական դիմակների կրումը Բելառուսում արգելված չէ։ Ավելին, ըստ ծրագրվածի, հայկական պատվիրակությունը, երբ Երևան վերադառնա, պատվիրակության բոլոր անդամները դարձյալ կթեստավորվեն մինչև «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը թողնելը։

Քաղաքականություն