Հնարավոր ամեն ինչ անում ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային կոնֆլիկտը կարգավորելու համար.Անդրեյ Ռուդենկո

Ռուսաստանը բոլոր հնարավորությունները գործի կդնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ներկայիս սրացումը կարգավորելու համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։

 

«Կարող եմ հավաստիացնել, որ հնարավոր ամեն ինչ անում ենք և գործի կդնենք ռուսական դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության լավագույն որակները մեր եղբայրական երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային կոնֆլիկտը, ինչպես նաև առհասարակ հարաբերությունների բարելավման համար։ Ռուսաստանն ունի այդ հնարավորությունները, մենք բազմիցս օգտվել ենք դրանից, այդ թվում Լեռնային Ղարաբաղի շուրջ 2016 թվականին ռազմական գործողությունների բռնկման ժամանակ։ Վստահ եմ՝ մեր հնարավորությունները գործի կդրվեն», – ասել է նա։

 

Փոխնախարար Ռուդենկոն նշել է. «Միջազգային հանրության առաջնահերթ խնդիրն է՝ հնարավորինս շուտ կանգնեցնել վերջին երկու օրերին սահմանին տեղի ունեցողը։ Այս կապակցությամբ կարևոր է Մինսկի խմբի անդամ բոլոր մասնակից պետությունների հավասարակշռված դիրքորոշումը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը միավորում է ավելի շատ պետությունների, քան երեք համանախագահներն են։ Այդ երկրները, որոնք շրջապատում են, որոնք սահմանակից են այդ տարածաշրջանին, պետք է առավելագույն հավասаրակշռվածություն, պատասխանատվություն և զսպվածություն ցույց տան, այդ թվում՝ հրապարակային հռետորաբանությունում»։

Քաղաքականություն