Ամերիկյան Սիեթլ քաղաքում անկարգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով տուժել է մոտ 60 ոստիկան

Ամերիկյան Սիեթլ քաղաքում անկարգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով տուժել է մոտ 60 ոստիկան, ձերբակալվել է բախումների 47 մասնակից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ 

Երեկ հաղորդվել էր 45 ձերբակալվածի և 21 տուժած ոստիկանի մասին։ Ոստիկանությունը քաղաքում տեղի ունեցողն անվանել է ապստամբություն։ 

Ցուցարարները քարեր, շշեր, փայտե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ 

Երեկ ցուցարարներն այրել էին անչափահաս հանցագործների համար կառուցվող կենտրոնի կառուցատարրերը, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքի պատերը պայթեցնելու փորձ ձեռնարկել։ 

Դեռևս հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիեթլի ցուցարարներին անվանել էր ներքին ահաբեկիչներ։ Ոստիկանական բռնության հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ծայր առած զանգվածայի ցույցերի ֆոնին նրանք զբաղեցրել էին քաղաքի կենտրոնական մասում մի քանի թաղամաս և այդ տարածքը հռչակել ինքնավար գոտի։

Քաղաքականություն

Պատահարներ