Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանի ընտանիքի փաստաբանները հայտարարել են, որ վախենում են քույրերի վրեժից

Մոսկվայում տարիներ առաջ դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի ընտանիքի փաստաբանները կպահանջեն պետական պաշտպանություն, քանի որ զգուշանում են քույրերից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է տուժող կողմի փաստաբաններից մեկը` Յուլյա Նիտչենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Փորձաքննություններով նրանք վտանգավոր են ճանաչվել հասարակության համար: Ես վախենում եմ գտնվել նույն վայրում նրանց ներկայությամբ, կխնդրենք, որ մեզ նույնպես պաշտպանություն տրամադրեն: Նրանց սպառնում է 8-ից 20 տարի ազատազրկում»,-ասել է փաստաբանը:

Այս գործով պետական պաշտպանության տակ է գտնվում դատախազ Մարիա Սեմենենկոն, բայց նա այդ պաշտպանությունը ստացել է ավելի վաղ, այլ գործընթացի ժամանակ, և այդ ժամանակվանից նրան ուղեկցում են ինքնաձիգներով զինված ծառայողները:

Հիշեցնենք, որ Անգելինա, Կրիստինա և Մարիա Խաչատուրյանները ձերբակալվել են 2018թ. հուլիսին՝ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեղադրանքով: Այս գործով հետաքննությունն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Քննության շրջանակում պարզվել է, որ հայրը տարիներ շարունակ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն է գործադրել դուստրերի նկատմամբ:

Քաղաքականություն