Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Ջերմուկ տանող ավտոճանապարհն Ամուլսարի պահապանները փակել են

Ամուլսարում  լարված իրավիճակը շարունակվում է եւ ոստիկանության աշխատակիցները հորդորում են ավտոշարասյունով ճանապարհը փակած ցուցարարներին դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցները ընդդիմանում են եւ շարունակում այդ տարածքում հավաքված մնալ:

 

Այս պահին Ամուլսարի պահապանները փակել են Ջերմուկ տանող ավտոճանապարհը. պահանջում են «Լիդիան» ընկերության կողմից տեղադրված վագոն-տնակները 30 մետր հետ տանել տարածքից։ 

Ակցիայի վայրում է նաեւ Վայոց Ձորի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, որը բանակցություններ է վարում Ամուլսարի պահապանների հետ։

«Մենք պահանջում ենք այս տնակները 30 մետր այն կողքը տարեք, հակառակ դեպքում մեր տնակն ենք բերելու մեջտեղը դնենք»,- պահանջում են ակցիայի մասնակիցները։

 

Նշենք, որ ակցիայի մասնակիցների շարքերում է նաեւ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը, այնտեղ է նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Ինչպես տեղեկացրել էինք, քիչ առաջ բերման ենթարկեցին մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց թվում էր նաեւ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:

Քաղաքականություն