Եկեք արձանագրենք, որ Կառավարությունն իր որոշումը կայացրել է, որ Ամուլսարը պետք է շահագործվի. Անի Սամսոնյան

Եկեք արձանագրենք, որ Կառավարությունը իր որոշումը կայացրել է, որ Ամուլսարը պետք է շահագործվի, այդ մասին է խոսում նրանց լռությունը և այն, որ մարդիկ մնացել են մենակ «Լիդիան»-ի դեմ պայքարում. այսօր կրկին Ամուլսարի խնդրի վերաբերյալ հավաքված ակցիայի ժամանակ նշեց «Լուսավոր Հայստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

 «Եկեք արձանագրենք, որ Ամուլսարի պաշտպանները մինչև վերջ պայքարելու են, թե ինչի կհանգեցնի պայքարը, կարող ենք վատագույն սցենարները պատկերացնել, բայց դրա պատասխանատուն իշխանությունն ու կառավարությունն է, և նման բան չպետք է թույլ տան, որովհետև այդ մարդիկ իշխանությունից սպասելիքներ ունեն, քանի որ իրենց տրվել են խոստումներ, ասել են այստեղ աշխատանքներ չեն իրականացվելու»,-նշեց նա:

Անի Սամսոնյանը նշեց, որ ԱԺ-ում ամիսներ առաջ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորները հանդիպել են  Ամուլսարի պաշտպանների հետ.

«Ինձ փոխանցեցին, որ  հանդիպում է եղել և համոզել են , որ բացեն ճանապարհը և թույլ տան «Լիդիան»-ը աշխատանքներ իրականացնի, ինչը բարկացրել է  Ամուլսարի պաշտպաններին. որովհետև մի այլ բան է խոստանում ընտրություններից առաջ և մեկ այլ բան են համոզում ընտրություններից հետո, որը կամքի բացակայություն է, պարզապես»:

Անի Սամսոնյանը ընդգծեց նաև, որ հանքերի շահագործման խնդիրը  Կառավարության դաշտում է և բավարար տեղեկատվություն պետք է ստանան իրենք, որպեսզի առաջադրեն լուծումներ, իսկ իրենց ստացած վերջին տեղեկատվությունը դա «Էլարդ»-ի փորձաքննությունն էր, որի նկատմամբ հայտնել են իրենց անվստահությունը.

 «Մանրամասն փաստարկել ենք՝ ինչի ենք հայտնում անվստահություն: Մենք ասել ենք, որ եթե կարող եք համոզել մարդկանց, որ կլինի այնպիսի փորձաքննություն, որ ռիսկերը կարող ենք կառավարել, փորձենք դա քննարկել: Սակայն խոսելով տեղացիների հետ՝ հասկանալի է դառնում, որ իրենց որևէ փորձաքննություն չի համոզելու, քանի որ մարդիկ նույնիսկ չեն ուզում գնեն այն ապրանքը, որը Գնդեվազից է: սրանք հետևանքներ են, որ մենք փաստում ենք և ինչ հետևանքներ կարող են լինել շահագործումից հետո` թե Կառավարությունը, և թե որևէ փորձագիտական ընկերություն չի համոզել, որ կարող է լինել կառավարելի»:

Պատգամավորը ընդգծեց, որ Կառավարությունը չի ասում, որ հանքը կարող է շահագործվի, քանի որ Կառավարությունը չի կարող անել ոչ պոպուլիստական հայտարարություններ.

«Կառավարությունը մարդկանց հետ կարող է խոսել, և այնպիսի հայտարարություններ անել, որ մարդկանց դուր կգա, հիմա եթե անի հայտարարություններ, որ մարդկանց դուր չի գա, դա դեմ է իրենց պոպուլիստական իշխանությանը, դա շատ պարզ է»,-նշեց նա:

 

Քաղաքականություն