Իշխանությունները տեղյակ են եղել, որ Բեյրութի նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատը վտանգավոր է

Լիբանանյան մաքսային ծառայության պետ Բադրի Դահերը հայտարարել է, որ լիբանանյան դատական համակարգին 6 անգամ տեղեկացվել է այն մասին, որ Բեյրութի նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատը վտանգավոր է: Այս մասին տեղեկացնում է alarabiya.net կայքը:

Մաքսային ծառայության ղեկավարի խոսքով` ծառայության աշխատակիցները խնդրել են վերաարտահանել այն, բայց այդպես էլ դրա թույլտվությունը չեն ստացել:

Ավելի վաղ Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ Բեյրութում տեղի ունեցած աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- ասել է Դիաբը:

 

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Լիբանանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ վիրավորները շատ-շատ են, ըստ ընթացիկ տվյալների՝ մոտ 4000: Զոհերի թիվը հասել է 100-ի, այդ թվում՝ 5 հայ:

«Հոսպիտալները լեփ-լեցուն են, այն մարդկանց, որոնք վիրահատական միջամտության կարիք չունեն, պետք է տեղափոխել Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցներ»,- նշել է նախարարը:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

 

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում: 

Քաղաքականություն

Պատահարներ