Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ շենքը

Բեյրութում շաբաթ մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են ԱԳՆ շենքը, որի մոտ ոստիկաններ են հավաքվել և բանակցություններ են վարում ցուցարարների հետ:

Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրան», ցուցարարներն այրել են երկրի նախագահ Միշել Աունի նկարը և ԱԳՆ շենքը հայտարարել են իրենց կենտրոնակայան:

Լիբանանյան մայրաքաղաքի ողջ կենտրոնը շաբաթ վերածվել է հատուկ ուժայինների և ակտիվիստների միջև բախման ասպարեզի: Նշվում է, որ զանգվածային ցույցի կոչ է արել «Քաթայիբ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը: Հիշեցնենք, որ «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը ևս զոհվել էր Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ժամանակ:

Լիբանանի Կարմիր խաչի տվյալներով՝ շաբաթօրյա ցույցի ժամանակ 142 մարդ է տուժել, նրանցից 32-ին հսպիտալացրել են, մյուսներին բուժօգնություն են ցույց տվել տեղում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին, ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով անվտանգության ուժերի աշխատակից է մահացել:

Պայթյունի հետևանքով ավերվել է Բեյրութի շինությունների մեծ մասը, որոնց թվում նաև նավահանգստին մոտ բնակվող բազմաթիվ հայերի տներ: Ավելի քան 300 000 մարդ մնացել է առանց տանիքի, ավելի քան 6000-ը վիրավորվել են, 158-ը՝ մահացել: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում:

 

Քաղաքականություն

Պատահարներ