Բագրատաշենում 12 օր գտնվող ռուսաստանաբնակ հայերին կտեղափոխեն Ռուսաստան

ՀՀ-ում Ռուսաստանի դեսապանությունն արձագանքել է հուլիսի 30-ից Բագրատաշենի անցակետում գտնվող ռուսաստանաբնակ հայերի  հորդորներին, որպեսզի վերջիններիս հնարավոր լինի ավտոբուսներով տեղափոխել Ռուսաստան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Բագրատաշենում  գտնվող Արթուր Այնազյանը։

«Լրատվամիջոցների կողմից մեր խնդիրը բարձրաձայնելուց հետո մեզ հետ կապվեցին։ Մեզնից  անձնագրի տվյալները պահանջեցին, թիվը, թե քանի հոգի ենք, ինչպես նաև ավտոբուսի տվյալները, որը մեզ պետք է տեղափոխի, մենք ենք վճարելու մեր տեղափոխման գումարը։ Դեսպանությունը պարզապես պետք է պայմանավորվի Վրաստանի հետ, որպեսզի մենք կարողանանք  սահմանը հատել։ Հիմա սպասում ենք, չգիտենք՝ ե՞րբ կլինի։ Մեզ տանելու են մինչև Վլադիկավկազ, այսինքն՝ սահմանը կանցկացնեն ու դրանից հետո յուրաքանչյուրս կգնանք մեր տներով»,- ասել է Արթուրը։

Հիշեցնենք, որ  համավարակով պայմանավորված նրանք չէին կարողանում հատել սահմանը,  մինչև Բագրատաշեն գնալը դեսպանատան  դիմաց ակցիաներ են արել, որպեսզի իրենց խնդրին ուշադրություն դարձնեն և հնարավոր լինի իրենց տեղափոխել Ռուսաստան, սակայն արձագանք չի եղել և հարկադրված այդ քայլին են դիմել։

Այս պահին, ըստ Արթուրի՝ Բագրատաշենում 81 հոգի կա, որոնք սպասում են՝ իրենց Ռուսաստան տեղափոխելու հնաչավորությանը։

«Եթե մենք մի շաբաթ էլ այստեղ ապրենք, շատ հնարավոր է, որ ավտոբուսի գումարը չլինի։ Ընկերությունը, որի ավտոբուսը մեզ տեղափոխելու է  Ռուսաստան, մեզ աջակցելու համար չնչին գումար է մեզնից  վերցնելու՝ հասկանալով մեր վիճակը»,- լրատվականին ասել է Արթուրը՝ հավելելով, որ նախորդ խումբը, որոնց Հայաստանից տեղափոխել են Ռուսաստան, տեղափոխման ծախսերը հոգացել է դեսպանությունը։

Բագրատաշենում գտնվողները վաղուց  գրանցվել են, որպեսզի ինքնաթիռով մեկնեն, սակայն նրանց հերթը չի հասել և ստիպված այդ քայլին են դիմել։

Քաղաքականություն