Ինչ հակասություններ են ունեցել Դավիդյանցն և Արսեն Թորոսյանը. ArmDaily

Հանրությունը շարունակում է քննարկել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի ազատումը պաշտոնից։

 

Ազատումը վատ է ընդունվել բժշկական համայնքի կողմից եւ ոչ միայն, քանի որ համարում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարում նման տիտանական աշխատանք կատարած մասնագետի հետ այդպես չեն վարվում։ Երեկ արդեն տեղեկություններ ունեինք, որ հանդիպում է եղել Դավիդյանցի հետ, նրան փորձել են համոզել վերադառնալ ինֆեկցիոն՝ փոխտնօրենի պաշտոնին։ Ոմանք պնդում են, որ նա համաձայնել է փոխտնօրենի պաշտոնին գնալ, ոմանք պնդում են հակառակը։

 

ArmDaily.am-ին հայտնի դարձել, թե ինչ հակասություններ են առաջացել Դավիդյանցի եւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջեւ։

 

Լրատվականը նշում է, որ ի սկզբանե Դավիդյանցը դեմ է եղել, որ Նորքի ինֆեկցիոնը դառնա կովիդ կենտրոն, քանի որ համապատասխան հզորություն չունի՝ ռեանիմացիա, սարքավորումներ։ Ի սկզբանե առաջարկել է վերցնել մեծ հիվանդանոց այդ նպատակի համար, սակայն այդ քայլը բավականին ուշացումով են արել։

 

Երկրորդ, հակասություններ են առաջացել մոդուլային հիվանդանոցի, ԿՏ-ի հետ կապված, Դավիդյանցը հանձնման-ընդունման ակտերը չի ստորագրել։ Օրինակ՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԿՏ-ն հին է, ուռուցքաբանական կենտրոնին է եղել։

Ի դեպ, հիվանդանոցի անձնակազմը համարում է, որ մոդուլային հիվանդանոցը ստեղծելը անիմաստ էր, քանի որ այն հարմար չէ օգտագործման շոգի պատճառով։ Այսինքն՝ փաստացի Դավիդյանցը լուրջ անհամաձայնություններ է ունեցել ֆինանսական ներդրումների շուրջ։

 

Երրորդ՝ Դավիդյանցը լուրջ հակասություններ է ունեցել նաեւ փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ։

Այլ խնդիրներ եւս եղել են ինֆեկցիոնում, մասնավորապես՝ անձնակազմը պարբերաբար նամակներ, դժգոհություններ էին հայտնել ստեղծված պայմանների մասով, մասնավորապես՝ դժգոհություններ էին հայտնում ստացած պարգեւավճարների մասով՝ նշելով, որ այլ հիվանդանոցների որոշ բժիշկներ, որոնք կորոնավիրուսի բուժմամբ չեն զբաղվում, ավելի բարձր պարգեւավճարներ են ստացել։

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Քաղաքականություն

Պատահարներ