ՕՄՕՆ-ի ուժերը մոտենում են Մինսկի կենտրոնին. քաղաքում ձերբակալություններ են սկսվել

Մինսկում ձերբակալություններ են տեղի ունենում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ոստիկանության և ՕՄՕՆ-ի ուժեղացված ջոկատներ են մոտենում «Մինսկը`հերոս քաղաք» հուշակոթողին:

Իրավապահները, որոնք շրջափակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, մանրամասնորեն ստուգում են լրագրողների փաստաթղթերը: Այնտեղ մետաղական արգելապատնեշներ են տեղադրվել: Քաղաքի կենտրոնին է մոտեցվում նաև ուժայինների հատուկ տեխնիկան: Քաղաքում խափանվում է բջջային կապի աշխատանքը:

Աղբյուրի փոխանցմամբ` իրավիճակը դեռևս հանգիստ է, մարդկանց մեծ հավաքներ չեն արձանագրվել:

Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրի խոշոր քաղաքներում զանգվածային ցույցեր են մեկնարկել: Հավաքվածներին ցրելու համար ուժայինները լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառել:

Նախօրեին շուրջ 3000 մարդու են ձերբակալել: Նախագահական ընտրությունների արդյունքներով` հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` հավաքելով ընտրողների ձայների 80.08 տոկոսը:

Քաղաքականություն