ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառում` ցուցարարներին ցրելու համար

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել մայրաքաղաքի կենտրոնում, որոնց ոստիկանությունը փորձում է ցրել: Միևնույն ժամանակ, ձերբակալություններ են տեղի ունենում ընդդիմության կողմնակիցների շրջանում:

Մինսկի ՕՄՕՆ-ն ընդդիմության աջակիցներին սկսել է դուրս բերել «Մինսկը` հերոս քաղաք» հուշակոթողի հարակից տարածքից:

Նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ բնակիչները ցույցեր են անցկացնում նաև Բրեստ քաղաքում, որտեղ ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները նույնպես ուժային միջոցներ են կիրառում, հիմնականում` ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ:

 

Իրավապահները զանգվածային ձերբակալություններ են կատարում Գրոդնո քաղաքի կենտրոնական փողոցում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող ղեկավար Ալեքսանր Լուկաշենկոն` հավաքելով ընտրողների ձայների 80.08 տոկոսը:

Քաղաքականություն