«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ Հենզել Մկոյանին սպառնում են

Անհայտ անձինք սպառնալիքներ են հնչեցրել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ Հենզել Մկոյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին, ինչպես նաև փորձել են նրանից 5 մլն դոլար շորթել: Տեղեկությունը հայտնել է Մկոյանի փաստաբան Տարիել Մուրմանիշվիլին հրավիրված ասուլիսի ժամանակ։ Այս մասին փոխանցում է Sputnik Արմենիան: 

 

Նա նշել է, որ Մկոյանն ու նրա ընտանիքը սարսափելի վախեցած են։ Պատգամավորը պահանջում է, որ իր հարցով զբաղվի գլխավոր դատախազությունը, ոչ թե տեղի ոստիկանությունը, ուր վերաուղղվել է հայցը։ Ավելին, նա դիմել է Վրաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին՝ խնդրելով օգնել փրկել իր ընտանիքի անդամներին։

«Մկոյանը խնդրեց այս հայտարարությունն անել իր անունից»,-ասել է Մուրմանիշվիլին։

Նրա խոսքով՝ 2020թ․-ի հուլիսի 20-ի երեկոյան անհայտ անձը մեսենջերով զանգել է Մկոյանին, խոսել է ռուսերեն՝ կովկասյան առոգանությամբ, Մկոյանին ասել է, որ հեռանա քաղաքականությունից, սուսուփուս նստի և ոչ մեկի հետ չշփվի, հակառակ դեպքում կզրկվի ամենահարազատ մարդուց։

Երկրորդ զանգը՝ արդեն WհatsApp հավելվածով, Մոսկվայից է եղել (ըստ հեռախոսահամարի)։ Խոսել են դարձյալ ռուսերեն՝ կովկասյան առոգանությամբ։ Այս անգամ խոշոր գումար են պահանջել. «Այ օլիգարխ, դու բիզնեսի մեջ ես, ինչո՞ւ փողերը չես տալիս։ Մեզ 5 միլիոն դոլար պիտի տաս»»,-պատմել է փաստաբանը։

Երբ Մկոյանը հարցրել է, թե ինչ կլինի, եթե չվճարի, շորթողը հայտարարել է, որ արդեն 15 տարի նստել է բանտում, և եթե իր պահանջը չկատարվի, կսպանի պատգամավորին ու ևս 20 տարի կնստի։ Երկրորդ անգամ պատգամավորի հետ երկու մարդ է խոսել, երկուսն էլ՝ քրեական աշխարհին հատուկ ժարգոնով։

«Պաշտպանյալս վախեցել է։ Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ նրա վրա հարձակում էին գործել, երեք անգամ կրակել էին նրա ուղղությամբ։ Ողջ է մնացել միայն ոստիկանության շնորհիվ»,-հայտարարել է Մուրմանիշվիլին։

Նա ընդգծել է, որ ընդդիմությունը մի քանի ամիս շարունակ հոգեբանական ճնշում է գործադրել պատգամավորի վրա։ Փաստաբանի գնահատմամբ՝ Մկոյանն ու նրա ընտանիքը սթրեսի մեջ են։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ընդդիմությունը պահանջել էր պատգամավորական մանդատից զրկել նաև Մկոյանին։ Նման պահանջ ներկայացնելու առիթ էր դարձել զենքի կիրառմամբ ծեծկռտուքը, որը տեղի էր ունեցել մարտի 26-ին՝ ժամը 15։40-ի սահմանում։

 

Քաղաքականություն

Պատահարներ