Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը. Յուրի Խաչատուրովի պաշտպանը չի կարողացել ներկայանալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօրվա նիստը, քանի որ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի կարողացել ներկայանալ նիստին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլինա Սաակովան:

Պողոսյանը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել առ այն, որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել այսօրվա դատական նիստին։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը պատրաստվում էր բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը խնդրեց անհարկի ճանաչել պաշտպանի բացակայությունը։ Նրա գնահատմամբ, սա ընդհամենը պատրվակ է նիստերը ձգձգելու համար։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նկատեց, որ ճիշտ կլինի Միհրան Պողոսյանի բացակայության պատճառները ներկայացնի հենց ինքը և դրանց հետ կապված քննարկումը տեղի ունենա նրա ներկայությամբ։

Բացի այդ, փաստաբան Վարդգես Գևորգյանը դադարեցրել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանի լիազորությունները, իսկ մյուս պաշտպանը՝ Էրիկ Ալեկսանյանը օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ լինելու է ամենամյա արձակուրդում։

Արձակուրդ մեկնելու մասին տեղեկությունը վրդովեց մեղադրող դատախազներին և տուժող կողմի ներկայացուցիչներին։ Սակայն դրան ի պատասխան, պաշտպան Վարդևանյանը հիշեցրեց, որ ոչ մեկ չէր դժգոհում այն ժամանակ, երբ նախագահող դատավորը նախորդ տարի դեկտեմբերի սկզբից որոշեց գնալ ամենամյա արձակուրդ, ինչի պատճառով մի քանի դատական նիստ չկայացավ։

Իր հերթին պաշտպան Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ գարնանը մոտ մեկուկես ամիս դատական նիստ չի հրավիրվել, և դրա պատճառների մասին դատավորի աշխատակազմից ոչ մի տեղեկություն չեն հայտնել։

Հաշվի առնելով Միհրան Պողոսյանի բացակայությունը և Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ մեկնելու հանգամանքը` դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 8-ը, ժամը 13։00։

Քաղաքականություն

Պատահարներ