Մինսկում բախումներ են սկսվել ցուցարարների և ՕՄՕՆ-ականների միջև, ուժայինները ռետինե փամփուշտներ են կիրառել քաղաքացիների դեմ

Մինսկում բախումներ են սկսվել ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինների և ցուցարարների միջև:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ընդդիմության կողմնակիցները մեծ խմբով հավաքվել էին մետրոյի «Միխալովո» կայարանի մոտ, որից հետո ուժայիններն սկսել են ցրել նրանց: Ցուցարարները նահանջել են և տեղափոխվել հարակից այգի, որտեղ նրանց թարմ ուժեր են միացել: Բախումներ և ձերբակալություններ են սկսվել:

Բացի այդ, հաղորդվում է, որ ՕՄՕՆ-ականները գրոհում են պողոտաներից մեկի շենքերի մուտքերը, որտեղ կարող են թաքնված լինել ցուցարարները: «Մագնիտ» առևտրի կենտրոնի մոտ հավաքվածներին ցրում են ռետինե փամփուշտների օգնությամբ:

Բողոքի ցույցի մասնակիցներին ձերբակալել սկսել են նաև Գրոդնո քաղաքում: Հաղորդվում է, որ իրավապահները մի քանի լրագրողների են կանգնեցրել, որոնցից մեկին ծեծի են ենթարկել:

Հիշեցնենք, որ Բելառուսի բնակիչները փողոց են դուրս եկել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո` իրենց դժգոհությունը հայտնելով արդյունքներից, որոնց համաձայն, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ձայների ավելի քան 80 տոկոսը:

Քաղաքականություն

Պատահարներ