ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորականները սկսել են ցրել Մինսկում հավաքված մարդկանց. ցուցարարների և ուժայինների միջև բախումներ են տեղի ունենում նաև Բրեստում

Մինսկում ներքին զորքերի զինվորները ցրել են մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մոտ հավաքված ցուցարարներին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, քաղաքի այս հատվածում նաև ձերբակալություններ են տեղի ունեցել: Գնալով մայրաքաղաքի կենտրոնում հավաքվածների թիվն աճում է: Ուժայինները փորձում են խանգարել մարդկանց մեծ թվով հավաքվել մեկ վայրում:

Զինվորականները զինված են ռետինե փամփուշտներով հրացաններով, լուսաձայնային նռնակներով, սակայն դեռ չեն կիրառել դրանք:  

Մետրոյի կայարանը, ինչպես նաև հարակից խանութներն ու սրճարանները փակ են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ներքին զորքերի և ՕՄՕՆ-ի ստորաբաժանումներ են մոտենում քաղաքի կենտրոնական շրջանին:  

Մինսկից բացի ցույցեր են տեղի ունենում նաև Բրեստ քաղաքում, որի կենտրոնում բախումներ են սկսվել ցուցարարների և ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինների միջև:

Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ընդդիմադիրներից մեկը ցատկում պատնեշների վրայով: Ի պատասխան`ուժայինները մահակներ են գործածում:  

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում մեկնարկել են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներից դժգոհ քաղաքացիներն ու ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել:

Նախագահական ընտրությունների արդյունքներով` հաղթող է դարձել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան` 10 տոկոսը:

Քաղաքականություն