Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի թեմայով Հայաստանից հնչած հայտարարությունները

Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ Երևանում տեղի ունեցած միջոցառումները, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս թեմայով հնչած հայտարարությունները։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան վերոնշյալ հայտարարություններին։

 

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը անուղղակի սպառնացել է․ «Ժամանակը եկել է, որ Հայաստանի պետական մարմինները (իշխանությունները) ագրեսիվ ազգայնական քաղաքականությունը թողնեն և խելքները գլուխները հավաքեն»։

Հայտարարության մեջ նշվել է, որ Սևրի պայմանագրի նպատակն էր մասնատել Թուրքիան և վերջ դնել անկախությանը և ինքնիշխանությանը, սակայն թուրք ազգը «պատռել և պատմության աղբամանն է նետել այն»։

Թուրքիայի ԱԳՆ-ն այս հայտարարությամբ անուղղակի կերպով Հայաստանին մեղադրել են թշնամանք սերմանելու և «ստոր նպատակներ ունենալու մեջ», և այդ նպատակով Սևրի պայմանգրի օգնությանը դիմելու մեջ։ 

Հայտարարության մեջ կրկնվել է նաև վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված այն կարծիքը, թե Հայաստանը չի կարողանում հոգալ սեփական ժողովրդի առօրյա պահանջները։

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև անդրադարձել է արցախյան հիմնախնդրին՝ Հայաստանին մեղադրելով «Ադրբեջանի տարածքները բռնազավթելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման առջև միակ խոչընդոտը լինելու» մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ