Բելառուսի ուժային կառույցների ստորաբաժանումները լքել են մայրաքաղաք Մինսկը, վերականգնվել է երթևեկությունը

Բելառուսի ուժային կառույցների ստորաբաժանումները լքել են մայրաքաղաք Մինսկը: Փողոցներից հանել են շրջափակումը, վերականգնվել է հիմնական մայրուղիներով տրանսպորտային երթևեկությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Երեկ երեկոյան Մինսկում վերսկսվել էին բողոքի ակցիաները: Բախումներ էին եղել ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինների և ցուցարարների միջև:

Մինսկի Սերեբրյանկի միկրոշրջանում, որը այս գիշեր տեղի ունեցող չարտոնված ակցիաներից մեկի էպիկենտրոնն է, ցուցարարները փորձում են բարիկադներ սարքել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական բյուրոն:

Բացի դա, Սերեբրյանկում կեսգիշերից հետո պայթյուններ և կրակոցներ են լսվել: Интерфакс-ի հաղորդմամբ՝ տարբեր թելեգրամ ալիքներ հայտնում են, որ միկրոշրջանի ուղղությամբ մեծ թվով ՕՄՕՆ-ական, ինչպես նաև շտապօգնության մեքենաներ են շարժվում: Սոցցանցերում հայտնում են մեծ թվով տուժածների մասին:

Հիշեցնենք, որ Բելառուսի բնակիչները փողոց են դուրս եկել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո` իրենց դժգոհությունը հայտնելով արդյունքներից, որոնց համաձայն, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ձայների ավելի քան 80 տոկոսը:

Քաղաքականություն

Պատահարներ