Բոլոր այսպես կոչված ցուցարարների հիմքը քրեական անցյալ ունեցող և ներկայում անգործունյա մարդիկ են. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է սահմանադրական կարգը պաշտպանելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին:

«Ինչպես և պայմանավորվել էինք, մինչև ընտրությունները, պետք է հանդիպեինք և քննարկեինք մեր պետության համար արդիական հարցերը: Ստեղծված իրավիճակից պարզ է, որ իշխանության մարմինների և հատկապես Անվտանգության խորհրդի առաջ ծառացած կարևորագույն խնդիրներից է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը, սահմանադրական կարգի պաշտպանությունը և կառավարման պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումը»,- БелТА գործակալության փոխանցմամբ`ասել է Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Լուկաշենկոն ընդգծել է, որ առաջնահերթ է շարունակում մնալ տնտեսության գործունեության հարցը:

Երկրի ղեկավարի խոսքով` երկրում բողոքի ցույց իրականացնող քաղաքացիների մեծ մասը քրեական անցյալ ունեցողներն ու գործազուրկներն են: «Բոլոր այդ` այսպես կոչված ցուցարարների հիմքը քրեական անցյալ ունեցող և ներկայում անգործունյա մարդիկ են: Չկա աշխատանք, նշանակում է, ազատ զբոսնիր փողոցերով և պողոտաներով: Այդ պատճառով խնդրում և զգուշացնում եմ բոլոր չաշխատողներին տեղավորվել աշխատանքի»,- ասել է Բելառուսի առաջնորդը:

Հիշեցնենք, որ ցույցի դուրս եկած մարդիկ իրենց բողոքն են հայտնում երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն, Լուկաշենկոն հավաքել է ձայների 80 տոկոսից ավելի:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայից հետո բողոք են ներկայացրել նաև երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մյուս 3 մրցակիցները` Աննա Կանոպացկայան, Անդրեյ Դմիտրիևը և Սերգեյ Չերեչենը:

Քաղաքականություն