Ճարահատյալ հարցազրույց էր, որով փորձ էր կատարվում շտկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը. Սիմոնյանը՝ Գասպարյանի հարցազրույցի մասին

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի տեղակալի նշանակմանը, ով ընդամենը օրեր առաջ էր դարձել ՔԿ ղեկավարի տեղակալ։ Լրագրողները Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե արդյոք կադրերի սով կա։

 

«Հանրության մոտ ընդամենը մեկ հարց կարող է առաջանալ, դա այն է, թե երբ են վերջնականապես, հաճախ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող կոռուպցիոներները կանգնելու դատարանի առջև։ Իսկ այդ պրոցեսն իր մեջ ներառելու է շատ տարբեր գործողություններ և արհեստավարժ մարդկանց կարիք մշտապես յուրաքանչյուր ժամանակահատվածում յուրաքանչյուր երկիր ունեցել է ու ունենալու է։ Ուստի կենտրոնանալ նման բաների վրա, չարժե։ Մենք պետք է շատ վաղուց մարդկանց գնահատեինք մարդկանց աշխատանքով, այլ ոչ թե նրանով, թե ինչ մեխանիզմով են նրանք նշանակվել»։

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցին, որտեղ վերջինս իշխանություններին սթափության կոչ էր արել, Սիմոնյանը նշեց. «Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ ու կարող եմ ասել՝ քաղաքական և իրավական հարթակից դուրս նրան շատ նորմալ եմ վերաբերվում և համարում եմ, որ ինքն իր վարքագծի մեջ «Ազատության» լրագրողի հետ միջադեպի ժամանակ չափն անցել է և պետք է գնար օրենքի շրջանակներում։ Ինչ վերաբերում է նրա հայտարարություններին, ես կարծում եմ, որ դա ճարահատյալ հարցազրույց էր, որով փորձ էր կատարվում շտկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը։ Դա չստացվեց, քանի որ բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին իր անցած մեծ ուղու շնորհիվ»։

Նա Գասպարյանի ասածների հետ համաձայն չէ. «Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ քաղաքացիները շատ շուտ մոռանում են և մոռանալու են այն ամենն, ինչ եղել է։ Ես շատ կուզենայի, որ ձեզանից մեկը նրանից հարցազրույց վերցներ ու հարցներ իր աշխատակից Արշակի մասին։ Ես մարդկայնորեն եմ նրան լավ վերաբերվում, բայց գործունեության հետ կապված ... ինքը հաճախ վերեւ նայելով, Աստծու մասին խոսելիս պետք է հասկանա, որ պատասխան է տալու և ոչ իշխանությունների առջև»։

Քաղաքականություն