Լիբանանում պահանջում են կախաղան բարձրացնել նախկին կառավարության անդամներին

Նորից հազարավոր մարդիկ են հավաքվում Բեյրութի կենտրոնում, որը հոկտեմբեր ամսից դարձել էր երկրում փոփոխություններ իրականացնելու պահանջով անցկացվող ցույցերի էպիկենտրոն: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»

Քաղաքի նավահանգստում մի քանի օր առաջ տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո այս ցույցերը պարտադրեցին կառավարության հրաժարականը, սակայն այսօր նրանք ասում են, թե կառավարության անդամներին հարկավոր է բարձրացնել կախաղան: Նրանք ղեկավարությանն են մեղադրում ամոնիումի նիտրատի վտանգի մասին նախազգուշացումներն արհամարհելու մեջ: 

Պայթյունին զոհ է գնացել ավելի քան 220 մարդ, վիրավորվել` 5000-ը: Մոտ քառորդ միլիոն մարդ այստեղ մնացել է անօթեւան: 

Նիդա Հաքիմը, որն այսօր կամավոր կերպով մաքրում է քաղաքի փողոցները, հարյուրավոր այլոց պես իր ձեռքին է պահում կախաղանի օղակը ու ասում, որ նախկին կառավարությունն այս օղակով պիտի պատասխան տա ոչ միայն մեռածների, այլ նաեւ բոլորի համար: 

Շաբաթ օրը սկսված ցույցերի ժամանակ անվտանգության ուժերն արցունքաբեր գազ էին կիրառել ընդդեմ ցուցարարների, որոնք փորձում էին ճեղքել խորհրդարանը շրջապատած ոստիկանական պատնեշը: Ցուցարարներին սակայն հաջողվեց գրոհել արտաքին գործերի նախարարության շենքը, ու այսպիսով արտահայտել իրենց ցասումը: Ցույցերի ուժեղ ալիքը շարունակվեց նաեւ կիրակի օրը: 

Զայրույթն այնքան մեծ է, որ նույնիսկ 20 տարեկան երիտասարդներն են խոսում իրենց քաղաքական ղեկավարներին մահվան դատապարտելու պահանջի մասին: 

Այսօր մարդիկ այստեղ պահանջում են միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրեր պայթյունի պատճառները: Իսկ միջազգային համայնքն այս պահին դեռեւս առաջարկում է միլիոնավոր դոլարների օգնություն: Թե օգնությունն ինչ կերպ կբաշխվի, ինչպես քաղաքը կվերակառուցվի ու որ ամենակարեւորն է, ինչպես մարդկանց հավատն ու նվիրվածությունը հայրենիքի նկատմամբ կվերակնանգնվի, արդեն կախված է լինելու նոր կառավարությունից:

Քաղաքականություն

Պատահարներ