ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում ցուցարարները հարձակվել են ոստիկանական ավտոբուսի վրա

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները խուզարկել են Ռոկոսովսկի պողոտայում կայանված մեքենաները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ուժայինները փնտրելիս են եղել ցուցարարների և վտանգավոր նյութեր:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ՕՄՕՆ-ը Ռոկոսովսկի պողոտայում ցուցարարներին ցրելու գործողությունն ավարտել է և քաղաքի այդ հատվածը հսկողության տակ առել: Ցուցարարների մի մասը թաքնվել է կայանված սեփական մեքենաներում, և ՕՄՕն-ն այժմ փնտրում է նրանց և վտանգավոր նյութեր:

Տեղի բնակիչներից մեկը հրաժարվել է բացել իր հին, խորհրդային մեքենան, ինչին ի պատասխան ուժայինները կոտրել են մեքենայի ապակին: Մեկ այլ վարորդից, որը դեպքի վայր էր բերել լրագրողների և սպասում էր, մինչև նրանք իրենց աշխատանքը կավարտեն, ուժայիններն առգրավել են բենզինի կանիստր՝ պատճառաբանելով, որ այն կարող է վտանգ ներկայացնել և օգտագործվել հրկիզման նպատակով:

Բացի դա, լրատվամիջոցը հայտնում է, որ բողոքի ակցիայի ժամանակ ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները հարձակում են գործել ոստիկանական ավտոբուսի վրա և կոտրել դրա ապակիները: 

Ռոկոսովսկի պողոտայում նկատվել են նաև շտապօգնության մեքենաներ, որոնք բուժօգնություն են տրամադրել այդտեղ ընթացած գործողությունների հետևանքով տուժածներին:

Հիշեցնենք, որ Բելառուսի բնակիչները փողոց են դուրս եկել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո` իրենց դժգոհությունը հայտնելով արդյունքներից, որոնց համաձայն, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ձայների ավելի քան 80 տոկոսը:

Քաղաքականություն