Ալիևը դժգոհել է Պուտինին. «Ռուսաստանը Հայաստանին 400 տոննա ռազմական բեռ է մատակարարել»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում իր դժգոհությունն է արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայասատան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ։

 

Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Պուտինի հետ հեռախոսազրույից ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։

«Մատակարարումները իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով», - հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ ռազմական նշանակության բեռների մատակարարումները Հայաստան «Ադրբեջանական հանրության մոտ լուրջ մտահոգություն և հարցեր են առաջացնում»։

 

Նշենք, որ Կրեմլի մամուլի ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին, որում, սակայն, սպառազինության մատակարարումների շուրջ քննարկումները հիշատակված չեն։

Քաղաքականություն

Պատահարներ