Լուկաշենկոյի վարչակազմի տեղեկատվական բաժնի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի տեղեկատվական բաժնի ղեկավար, ОНТ պետական հեռուստաալիքի հաղորդավար Դմիտրի Սեմչենկոն ազատվել է աշխատանքից: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս մասին հայտնել է բելառուսական The Village-ը:

Սեմչենկոյի կինը` Յուլյան հաստատել է նրա ազատման մասին տեղեկությունը: «Մի փոքր ժամանակ տվեք խնդրում եմ: Նա շուտով ինքն ամեն ինչ կգրի»,- ասել է նա լրագրողներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ բելառուս լրագրողները, երկրում շարունակվող բողոքի ակցիաների և քաղաքացիների դեմ կիրառվող բռնության ֆոնին, սկսել են զանգվածաբար հեռանալ պետական հեռուստաալիքներից և ռադիոկայանից:

Հիշեցնենք, որ Բելառուսում բողոքի ակցիաներ են սկսվել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներից դժգոհ քաղաքացիները փողոց են դուրս եկել` հայտնելու իրենց բողոքը: Ընտրությունների արդյունքներով հաղթող էր ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Քաղաքականություն