Մարությանն աշխատանքից ազատել է գլխավոր ճարտարապետին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։

Ինչպես նշված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում, որոշման համար հիմք է ընդունվել Մեսչյանի դիմումը։

«2020 թվականի օգոստոսի 17-ից Արթուր Մեսչյանին ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։

Մարությանը փաստաթուղթը ստորագրել է օգոստոսի 12-ին։ Սա փոքր–ինչ տարօրինակ է, քանի որ այդ ընթացքում քաղաքապետը գտնվել է արձակուրդում։

Ինչպես օգոստոսի 11-ին հայտնել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, Մարությանն արձակուրդ էր վերցրել մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։

Մեսչյանի հրաժարականի դիմումի մասին Մարությանը հայտարարել էր օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում`հիշեցնելով, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է 2 տարով։

 


 

Քաղաքականություն

Պատահարներ