Քաղաքացիները երեկ սխալ ուղերձ ստացան. արտակարգ դրության սահմանափակումները դեռևս գործում են, իսկ այսօր շատերը տուգանվել են

Արտակարգ դրության պահպանումը հնարավորություն է տալիս ցանկացած պահի մեղմացված սահմանափակումները խստացնել: Արտակարգ դրության ռեժիմը այդ հնարավորությունը տալիս է և դրա համար պետք է ընդամենը պայմանական ասած՝ կես ժամ: Առկա է նաև պրոֆեսիոնալիզմի հարց. իշխող քաղաքական ուժը չհասցրեց մշակել օրենսդրական փաթեթ, որով՝ ոչ արտակարգ ռեժիմով կկարողանար անհրաժեշտ միջոցառումները իրականացնել. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով որոշակի սահմանափակումների մեղմացմամբ՝ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու Կառավարության երեկվա որոշմանը:

Դիտարկմանը, թե երեկ՝ Ազգային ժողովի նիստում, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները մատնանշեցին օրենսդրական նախագիծ մշակելու անհրաժեշտության մասին, ինչո՞ւ իշխող քաղաքական ուժը չցանկացավ նախագիծ մշակել, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Հաճախ մենք բարդ պատճառներ ենք տեսնում, բայց չեմ բացառում, որ այս փուլում ուղղակի պրոֆեսիոնալիզմը և կազմակերպվածությունը չբավարարեց»:

Իրավապաշտպանը, անդրադառնալով բաց տարածքներում արգելքների մեղմացումներին և դրանց հստակեցմանը, նշեց, որ սահմանափակումները դեռևս գործում են, այսինքն՝ «մեղմացումներն այդ մասով դեռ կատարված չեն, և շատ քաղաքացիներ երեկ սխալ ուղերձ ստացան և շատերն այսօր տուգանվել են և տուգանվելու են, որ վստահեցին Կառավարության խոսքին»:

«Ցանկացած հայտարարության համար պետք է լինի պարետի որոշում, իսկ այստեղ մտադրության մասին էր խոսքը, բայց դա շատերը ընկալեցին, որպես իրողություն, որովհետև բոլորը չեն իրավաբան և բոլորը չէ, որ գիտեն, որ պետք է նախ լինի Կառավարության որոշում, որը արդեն իսկ կա, այնուհետև պետք է հաջորդի պարետի համապատասխան որոշումը: Եվ միայն իրավաբանական ակտից հետո պարզ կդառնա տարածքներում սահմանափակումները որոշակի են, թե՝ ոչ: Ավտոմեքենայի մեջ դիմակների կրելու սահմանափակման մեղմացումը դեռ  ուժի մեջ չի մտել»,- ասաց նա:

Հարցին, թե խաղաղ հանրահավաքների թույլատրումը՝ որոշակի կանոնների պահպանմամբ, արդյո՞ք քաղաքացիներին տալիս է լիարժեք հնարավորություն հավաքներ իրականացնելու համար, իրավապաշտպանը նշեց, որ դիմակների պահանջը ողջամիտ է և հնարավոր է իրականացնել, հեռավորություն պահպանելը ավելի բարդ է, բայց դա էլ հնարավոր է պահպանել. «Կարծում եմ, եթե ոստիկանությունը դրսևորի անհրաժեշտ որակներ, ապա հնարավոր կլինի բոլոր իրավաչափ շահերը համատեղել»,- նշեց նա:

Խոսելով արտակարգ դրության ամիսներ շարունակ երկարաձգմանը և դրա իրավաչափ լինելուն, Ռուբեն Մելիքյանն ասաց. «Ես ի սկզբանե եղել և շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ արտակարգ դրությունը մեկ անգամից ավել իրավունք չկար երկարաձգելու, բայց եթե ընդունենք այն տեսակետը, որ կարելի է երկարաձգել, ապա պետք է յուրաքանչյուր երկարաձգման համար հիմնավորումները լինեն հստակ: Ես կարծում եմ, որ առնվազն այս անգամ այդ հիմնավորումները համոզիչ չեն: Կարելի էր անել սահմանափակումներ՝ առանց արտակարգ դրությունը երկարաձգելու»,- եզրափակեց նա:   

Քաղաքականություն