Շուրջ 200 բելառուս բժիշկներ բողոքի ակցիայի են դուրս եկել Գրոդնո քաղաքում

Բելառուսի Գրոդնո քաղաքում ակցիա է անցկացվում` «Բժիշկներն ընդդեմ բռնության» խորագրով, որին շուրջ 200 մարդ է մասնակցում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, բժշկական համալսարանի հարևանությամբ հավաքվել են քաղաքի բոլոր հիվանդանոցներում աշխատող բժիշկները, ինչպես նաև համալսարանի դասախոսներն ու ուսանողները: Սպիտակ խալաթներով բժիշկները ծաղիկներ և պաստառներ են բերել իրենց հետ, որոնց վրա առկա են «բժիշկները ժողովրդի հետ են», «երազում էի կյանքեր փրկել, ոչ թե մարդկանց` ՕՄՕՆ-ից», «ծաղիկները փամփուշտներից զորեղ են» գրությունները:

Բժիշկները պնդում են, որ եկել են, որպեսզի աջակցեն բողոքի զանգվածային խաղաղ ցույցերին, որոնք շարունակվում են ողջ երկրով մեկ` դեմ հանդես գալով բռնությանը:

Նշվում է, որ բժիշկների կազմած շղթան ձգվում է մոտ 200 մետր երկարությամբ: Ակցիան համալրվում է նոր մասնակիցներով:

Հիշեցնենք, որ Մինսկում բողոքի ակցիաներ են սկսվել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներից դժգոհ քաղաքացիները փողոց են դուրս եկել` հայտնելու իրենց բողոքը: Ընտրությունների արդյունքներով հաղթող էր ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Քաղաքականություն

Պատահարներ