Այլ երկրի քաղաքացիների համար Վրաստանում կարանտինը վճարովի է

 

Վրաստան մուտք գործող թե՛ այլ երկրի, թե՛ Վրաստանի քաղաքացիների համար պարտադիր կարանտինը դեռ պահպանվում է: Բայց նախկին 14 օրվա փոխարեն, այսուհետ կարանտին կանցնեն 12 օր:

Ախալքալաքի բնակիչներից շատերի բարեկամները կամ ընտանիքի անդամները գտնվում են այլ երկրներում և այդ երկրների քաղաքացիություն ունեն։ Ներկա դրությամբ նրանցից շատերը վերադառնում են կամ ցանկանում են վերադառնալ իրենց ընտանիքներ։ Այդ մարդկանց հետաքրքիր է արդյո՞ք կարանտինը վճարովի է։

 

Jnews-ը հետաքրքրվել է` զանգահարելով տարբեր նախարարություններ և գործակալություններ։

Այսպիսով, կառավարության ստեղծած թեժ գծից մեզ պատասխանեցին, որ այլ երկրի քաղաքացիների համար կարանտինը վճարովի է։

«Կարանտինը պարտադիր է յուրաքանչյուրի համար, սակայն պետությունը վճարում է միայն Վրաստանի քաղաքացիներին, իսկ այլ երկրի քաղաքացիները պետք է իրենք վճարեն: Ինչ վերաբերում է այն փաստին, որ երկիր մտնողի ընտանիքի անդամները Վրաստանի քաղաքացիներ են, այդ դեպքում նրան կթողնեն, քանի որ նրա կինը/ամուսինը և անչափահաս երեխան այստեղ են, սակայն դա ընդհանրապես կապ չունի պարտադիր կարանտինի հետ», – ասացին կառավարության թեժ գծից։

Այս տեղեկությունը հստակեցնելու համար զանգահարեցինք Պարեկային ոստիկանության միասնական սպասարկման կենտրոն, այնտեղից նույնպես մեզ տվեցին նույն պատասխանը, որ այլ երկրի քաղաքացիների համար կարանտինը վճարովի է:

Կապ հաստատեցինք նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ, և ստացանք նույն պատասխանը։

 

Հիշեցնենք, որ ԵՄ երկրների քաղաքացիները/բնակիչները Վրաստան ժամանելու պետք է նախօրոք լրացնեն պարտադիր գրանցման ձևաթուղթ։

Այն երկրներից, որոնք անվերապահորեն բացեցին սահմանը Վրաստանի հետ, Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, Վրաստանը նույնպես անվերապահորեն բացում է իր սահմանները այդ երկրների համար՝ Գերմանիա, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա:

Այս 5 երկրների քաղաքացիները/բնակիչները բոլոր տեսակի այցերի համար կկարողանան միայն ուղիղ չվերթով գալ: Վրացական սահմանը հատելուց առաջ նրանք պետք է լրացնեն հատուկ մշակված էլեկտրոնային ձևաթուղթ:

Նրանց համաձայնությամբ, կամ եթե սահմանում նրանց ջերմությունը գերազանցի 37 աստիճանը, ապա նրանց հենց օդանավակայանում PCR թեստ կանցկացնեն:

Ինչ վերաբերում է ԵՄ անդամ մյուս պետություններին, որոնք չեն բացել սահմանը Վրաստանի համար, նրանց համար նույնպես պահպանվում է գործող ռեժիմը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ