Իրանն ԱՄԷ-ին դատապարտել է Իսրայելի հետ կնքված պատմական համաձայնագրի պատճառով

Իրանը խստագույնս դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը, որի շրջանակում լիարժեք դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Արբական Միացյալ Էմկիրությունների ու Իսրայելի միջև:

Իրանի արտգործնախարարությունը պատմական համաձայնագրի կնքումը, ինչն արվել է Միացյալ Նահանգների անմիջական միջնորդությամբ, «մուսուլմանների մեջքին դանակով հարված» է որակել:

ԱՄԷ-ն, որը երբեք չի կռվել Իսրայելի դեմ և վերջին տարիներին բարելավում է հարաբերություններն այդ երկրի հետ, հայտարարել է, որ համաձայնագիրը կզսպի Իսրայելի՝ շրջափակված Արևմտյան ափի տարածքները միակողմանի բռնակցելու ծրագրերը. խոսքն այն տարածքների մասին է, որոնք պաղեստինցիները դիտարկում են որպես իրենց ապագա անկախ հանրապետության մայրաքաղաք:

Իրանի ԱԳՆ-ի կարծիքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը «վտանգավոր է  և ամոթալի»:

«Այդ համաձայնագիրը ԱՄԷ-ի կողմից դանակով չարդարացված հարված է պաղեստինցի ժողովրդի ու բոլոր մուսուլմանների մեջքին»,-ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Համաձայնագիրը դատապարտել է նաև Թուրքիան, որի կարծիքով՝ ԱՄԷ-ն իրավասու չէ պաղեստինցիների անունից Իսրայելի հետ բանակցել Պաղեստինի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ: Թեև Թուրքիան Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունի, սակայն հանդես է գալիս ի շահ պաղեստինցիների:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄԷ-ի հետ համաձայնագիրն Իսրայելի համար «նոր դարաշրջան» է որակել: Մինչդեռ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի խոսնակն այն «դավաճանություն» է անվանել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄԷ-ն դարձել է Պարսից ծոցի առաջին և աշխարհում երրորդ (Եգիպտոսից և Հորդանանից հետո) արաբական պետությունը, որը լիարժեդք դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը, որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ: 
 

Քաղաքականություն

Պատահարներ