Եվրոպական միությունը Բելառուսի ընտրությունները որակում է «ոչ ազատ և ոչ արդար»

Եվրոպական միությունը օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները որակում է ոչ ազատ և ոչ արդար։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

 

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. 

 

«ԵՄ արտաքին գործերի նախարարները կրկնել են Բելառուսի իշխանություններին ուղղված իրենց կոչը՝ դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ և անընդունելի բռնությունները: ԵՄ-ն ակնկալում է, որ իշխանություններն անհապաղ ազատ կարձակեն անօրինական ձերբակալված բոլոր անձանց՝ անմարդկային վերաբերմունքի և կալանքի տակ պահելու պայմանների մասին ցնցող հաղորդումների լույսի ներքո։ Եվրամիությունն ակնկալում է բոլոր ենթադրյալ չարաշահումների մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

 

Նախարարները վերահաստատել են, որ ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ արդար։ Եվրոպական միությունը ընտրությունների արդյունքները կեղծված է համարում և այդ պատճառով ընտրությունների արդյունքները չի ճանաչում այն ձևով, որ ներկայացրել է Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այդ իսկ պատճառով ԵՄ-ն Բելառուսի իշխանություններին առաջարկ կներկայացնի աջակցելու քաղաքական իշխանությունների, ընդդիմության և ավելի լայն հասարակության միջև երկխոսությանը՝ ներկայիս ճգնաժամի կարգավորման նպատակով: 

 

Նախարարները նաև համաձայնել են բռնության, բռնաճնշումների և ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատու անձանց պատժելու անհրաժեշտության շուրջ: Բելառուսի նկատմամբ առկա պատժամիջոցների շրջանակներում լրացուցիչ ցուցակների վրա աշխատանքը կսկսվի անմիջապես»:

 

 

Քաղաքականություն