Կա՛նգ առեք և թույլ տվեք մեզ կարգուկանոն հաստատել. Լուկաշենկոն դիմել է ցուցարարներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել է երկրով մեկ ընթացող հետընտրական բողոքի ակցիաներն ու ցույցերը, հայտնում է belta.by-ը:

«Չեմ ասի, որ ինչ-որ աղետ է կամ էլ չափից ավելի լարված իրավիճակ է, սակայն խնդիրները բավական շատ են, և մենք պարտավոր ենք լուծել դրանք: Մենք այսօր միանգամայն հստակ տեսնում ենք՝ ինչ է կատարվում, տեսնում ենք գործող անձանց: Ինչպես և ասում էինք, այս ամենի հրահրիչներն ու կազմակերպիչներն արտասահմանից են: Առաջին շարքերում քրեական անցյալով մարդիկ են»,-ասել է նախագահը:

Լուկաշենկոն նաև դիմել է իշխանություններին՝ խնդրելով չհարվածել վայր ընկած ցուցարարներին:

 

«Ամեն դեպքում մենք սլավոնացի ենք, և եթե մարդն ընկել է ու պառկած է, նրան պետք չէ ծեծել: Այսինքն պետք է հստակ արգելակ լինի»,-ասել է Լուկաշենկոն՝ միևնույն ժամանակ հավելելով, որ սադրիչները միտումնավոր հարձակվում են հատուկջոկատայինների վրա:
 

Բելառուսի նախագահը դիմել է դեռահասների ու երիտասարդների ծնողներին՝ պահանջելով, որպեսզի նրանք հետևեն իրենց երեխաներին:

«Չորրորդ անգամ եմ դիմում ծնողներին՝ հետևեք՝ որտեղ են ձեր երեխաները: Հասկանում եմ, որ դեռահասների որոշ ծնողներին դժվար է այդ տարիքում վերահսկել իրենց երեխաներին, այդ դեպքում դիմեք մեզ, մենք օգնենք»,-ասել է Լուկաշենկոն:

 

Դիմելով քաղաքացիներին՝ Լուկաշենկոն ասել է.«Հիմա փողոց դուրս մի՛ եկեք: Հասկացեք, որ ձեզ ու մեր երեխաներին որպես մսաղաց ուղարկվող միս են օգտագործում: Հիմա արդեն մեզ վրա են տվել Լեհաստանից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, այդ բաց Ռուսաստանից, Նավալնիի մոտից և այլն: Արդեն երկրի դեմ ագրեսիա է սկսվել: Ասեք՝ որպես զինվորական ինչպե՞ս գործեմ, ի՛նչ անեմ նման իրավիճակում: Դուք ուզում եք, որ ես նստե՞մ ու սպասեմ մինչև որ Մինսկը գլխիվայր կշրջեն: Այդպես մենք հետո իրավիճակը չենք կարողանա կայունացնել: Ուստի՝ հարկավոր է կանգ առնել, գլուխը ձեռքերի մեջ առնել, հանգստանալ և թույլ տալ մեզ կարգուկանոն հաստատել, լուծել այստեղ եկածների հարցերը»,-ասել է Լուկաշենկոն:

 

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:

Քաղաքականություն

Պատահարներ