Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է. Նիկոլ Փաշինյան

ՍԴ դատավորների ընտրության պրոցեսում կային նաեւ մարդիկ ու շրջանակներ, որոնք ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անընդհատ փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ: Տպավորություն էր, որ հեղափոխությունը կառավարած քաղաքական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքներից եւ մարդիկ, որոնք հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մեկ շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Ես ուզում եմ ասել, որ այդպես չէ: Ամեն իրավիճակում կան խմբեր, ուժեր, որոնք ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը, իրեցն թեկնածուներին, իրենց կամակատարներին հանրության անունից՝ որոշակի տեղերում տեղավորել»,-ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է:

«Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ձեւավորվել է իդեալական ՍԴ: Ոչ, չի նշանակում»,-հավելեց վարչապետը:

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած թեկնածուին՝ Էդգար Շաթիրյանին, Փաշինյանը նշեց, որ քննարկումներ են եղել, որոշվել է, որ հենց նրա թեկնածությունը պետք է ներկայացնել:

Քաղաքականություն