Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում. Թագուհի Թովմասյան

Գերատեսչական շրջապտույտի մեջ ունենք իրավիճակ, որ Վարդենիսի համայնքը իր 36 մանր ու միջին համայնքով զրկված է բուժման իրավունքից, քանի որ ամենածայրահեղ իրավիճակում գնում են Մարտունու հիվանդանոց, շատ դեպքերում Երևան են գալիս և սրան զուգահեռ Մարտունի քաղաքում մեկնարկել է երկրորդ հիվանդանոցի կառուցումը, որի վրա ծախսվում է մոտ հինգ միլիոն դոլար: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ես ուզում էի հասկանալ կառավարության դիրքորոշումը ինչով է պայմանավորված, որ հենց Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում»,-ասաց նա և նշեց, որ դա չի բխում տարածքների համաչափ զարգացումից: Նա նշեց, որ Վարդենիսը Արցախին կապող միակ դարպասն է և Արցախից շատ քաղաքացիներ հենց այդ  Վարդենիսի հիվանդանոցից էին օգտվում, դրա ռազմավարական նշանակությունը չպետք է մոռանանք:

«Այս պահին համայնքը դրամահավաք է իրականացնում, որ կարողանա այդ խայտառակ ծանր պայմաններում գտնվող հիվանդանոցը վերանորոգի, տեխնիկայով հագեցնի, իսկ այս ընթացքում բժիշկները ուղղակի փախչում են»,-ասաց նա:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով նշեց, որ Առողջապահության նախարարությունը ինքն է տնօրինում, թե որտեղ կառուցվեն հիվանդանոցներ և ենթակառուցվածքների բարելավում որտեղ տեղի ունենա:

«Մի բան հստակ է, որ այն, որ նոր հիվանդանոց է կառուցվում, դա խոսում է նրա մասին, որ ոչ թե Վարդենիս քաղաքը աչքաթող է արված, այլ ընդհակառակը, այդտեղ նոր ենթակառուցվածքներ են ստեղծվում և նոր հնարավորություններ կլինեն: Այդ միջանկյալ հատվածը կարգավորելու և վարդենիսցիների համար ավելի հարմար պայմաններ ստեղծելու աշխատանքներ կտանենք»,-ասաց նա:

Նախարարն ասաց, որ տարածքային զարգացումը շատ կարևոր է ու իրենց նախարարության տիրույթում է, յուրաքանչյուր գերատեչսություն իր զարգացման ուղղությունները և տեսլականը ունի, այն միացումը, որ տեղի է ունենում առողջապահության ոլորտում, գուցե բազմաթիվ դժգոհություններ ներկայացնում է: «Բայց առողջապահության նախարարությունը շատ կոնկրետ կարողանում է ներկայացնել, թե ինչու պետք  է լինի այդ խոշորացումը հենց տվյալ ուղղությունների վրա, քանի որ մարզի բնակչության կեսը ապրում են Մարտունու տարածաշրջանում»,-հավելեց նա:

Քաղաքականություն

Պատահարներ