Արյունաբանության ինստիտուտի տնօրեն Սամվել Դանիելյանը բարձրակարգ բժիշկ է, նրան պիտի հեռացնեն, որ հերթական պատուհասին բերեն «առաջնագիծ». Զոհրաբյան

Արյունաբանության ինստիտուտի տնօրեն Սամվել Դանիելյանը բարձրակարգ բժիշկ է, ով ապրում է յուրաքանչյուր հիվանդ երեխայի կյանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ես արյան դոնոր եմ և վստահ ասում եմ, որ Արյունաբանության ինստիտուտի տնօրեն Սամվել Դանիելյանը բարձրակարգ բժիշկ է, ով ապրում է յուրաքանչյուր հիվանդ երեխայի կյանքով։ Գերմանացի բժիշկները ինձ պատմում էին, որ Սամվել Դանիելյանի որակի արյունաբան քիչ կա։

Նա բացառիկ պրոֆեսիոնալ է ու պարզապես լավ և բարի մարդ։

Էդպիսիք այսօր պետք չեն։ Նրան պիտի հեռացնեն, որ հերթական պատուհասին բերեն «առաջնագիծ»։

Ապրեն Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների ինստիտուտի բժիշկները։



Մանկական Քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ են ներկայացրել․

բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի´ պարոն վարչապետ,
ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։

Սամվել Դանիելյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում Արյունաբանական Կենտրոնը գրանցել է թռիչքային առաջընթաց, որը հնարավոր էր միայն ոլորտի ղեկավարման տասնամյակների փորձ ունեցող, ոլորտի հիմնախնդիրներին և առանձնահատկություններին տիրապետող, ոլորտի կայացման մեջ անշրջելի ներդրում ունեցած տնօրենի հետևողական աշխատանքի, ինչպես նաև թիմի բոլոր անդամների համատեղ ջանքերի շնորհիվ։

Հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը՝ խնդրում ենք ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։ Տեղեկացնում ենք Ձեզ, որ Սամվել Դանիելյանի գործունեության դադարեցման պարագայում, իրացնելով մեր սահմանադրական իրավունքը, դադարեցնելու ենք մեր կլինիկական գործունեությունը մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ծառայության շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի մեկից։ Մեր որոշման մասին հայտնում ենք կանխավ՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և երեխաների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար»։


 

Քաղաքականություն