Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու, քանի որ հակված եմ ժամանակս ու ռեսուրսներս ավելի արդյունավետ օգտագործել: Մեր երկրի առջև այսօր ծառացած են խնդիրներ, որոնք օր առաջ անհրաժեշտ է լուծել:

1.Արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում վարկային համաներում պետք է իրականացվի: Համատարած պարապուրդի պայմաններում ազգաբնակչությունը կանգնած է հանապազօրյա հացի խնդիրը լուծելու առաջ և անմարդկային է նրանցից վարկերի տոկոսներ գանձելու պարտադրանքը:

2. Անհրաժեշտ է օր առաջ կարգավորել բարձր միավորներով ԲՈՒՀ-երից դուրս մնացած դիմորդների հարցը: Անթույլատրելի է բարձր առաջադիմություն ունեցող երիտասարդներին զրկել կրթություն ստանալու հնարավորությունից:

3.Անթույլատրելի է տնտեսական ճգնաժամի, արտակարգ դրության պայմաններում ուսման վարձավճարների թանկացումը: Հարկ եղած դեպքում պետությունը պետք է իր վրա վերցնի սուբսիդավորման ֆինանսական բեռը:

4.Անթույլատրելի է արտակարգ դրության պայմաններում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար հարկային բեռի ավելացումը:

5.Պատկան մարմինները օր առաջ պետք է լուծեն ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցների խնդիրը:

6. Ամբողջ աշխարհը նախապատրաստվում է համավարակի տարածման երկրորդ ալիքին: Իշխանությունները պարտավոր են նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որպեսզի չկրկնվի մարտ ամսվա իրավիճակը, երբ իշխանությունների ուշացած որոշումների պատճառով մենք ունեցանք 1000-ից ավել մահ:

7.Պետությունը պարտավոր է ապահովել կորոնավիրուսով վարակված և տնային պայմաններում բուժում ստացող մեր հայրենակիցների ապաքինման գործընթացի և անհրաժեշտ հետազոտությունների պատշաճ կազմակերպումը:

Սրանք այն առաջնահերթություններն են, որոնք օր առաջ պետք է իրականացնեն իշխանությունները: Այս քայլերի անհրաժեշտության մասին ես բարձրաձայնում եմ մեկ պարզ պատճառով՝ երկիրը ղեկավարող քաղաքական ուժերն ու անձինք միշտ փոխվում են, և կարևորը ժամանակին ժողովրդի խնդիրները լուծելն է ու պետության դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելը: Իմ սիրտն իսկապես ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության ու պարապուրդի մատնվելու արդյունքում մեր ժողովրդին պատուհասած խնդիրները օրեցօր ավելանում են…

Քաղաքականություն

Պատահարներ