Ո չ թե ընդդիմությունն է խանգարում, որ գործարանն աշխատի, այլ խարդախության մեջ միմյանց մեղադրող գործարարները. Մարուքյան

Անհարմար բան ստացվեց, փաստորեն պարզվեց, որ ոչ թե ընդդիմությունն է խանգարում, որ գործարանն աշխատի, այլ խարդախության մեջ միմյանց մեղադրող գործարարները. Այս մասին ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը գրել է  ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Վանաձորի գազաբալոնների գործարանի երկու համասեփականատերերի՝ փոխադարձաբար իրար  խարդախության մեջ մեղադրելուն։

Նա մասնավորապես գրել է․

«Այս պատմությունը լսելով՝ թերևս հարց է առաջանում, թե ինչպե՞ս էր կառավարությունը հետհեղափոխական շրջանում ԱԱՀ-ի հարկային արտոնություն տրամադրում մի կազմակերպության, որը միլիոնավոր դոլարների ներդրում էր խոստանում, բայց ուներ ընդամենը մեկ գրանցված աշխատող:

Հետաքրքիր է, եթե ընդդիմությունը հարց չտար վարչապետին, իսկ գործարարն էլ ի պաշտպանություն ասուլիս չաներ՝ մեր ժողովուրդը որտեղի՞ց էր իմանալու, որ խարդախության մեջ են իրար մեղադրում ու 3 տարվա մեջ գեթ մեկ կոմպոզիտային գազի բալոն չեն իրացրել:

Ցավալի է, որ վարչապետի աշխատակազմը որևէ ճշտում չի կատարել, մինչև նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ»:

Հիշեցնենք, որ Վանաձորի գազաբալոնների գործարանը, որ 2 տարի առաջ մինչև 120 աշխատատեղի խոստում էր տվել, դեռևս որևէ արտադրանք վաճառքի չի հանել։ Օգոստոսի 27-ին վերսկսել է աշխատանքն ընդամենը 7 աշխատողով։

Գործարանի գործադիր տնօրեն Արայիկ Ասրյանը նշում է, որ հոկտեմբերին աշխատակիցների թիվը կարող են հասցնել մինչև 30-ի, չնայած հայ-իրանական համատեղ ձեռնարկության ճակատագիրը մշուշոտ է։ Ասրյանը խաբեբա է անվանում իր գործընկերոջը՝ գործարանը հիմնադրած իրանական «Ռադ Սանե Վաշամիր Գրուպի» 75 տոկոսի բաժնետեր Հուսեյն Յաղուբփուրին, ով ըստ նրա, խախտել է իրենց բոլոր պայմանավորվածություններն ու Հայաստան չի ուղարկել խոստացված հաստոցները։

Նա նշում է, որ այսօր ոչ թե 2, այլ 15 մանրաթելային հաստոց պետք է աշխատեր այստեղ։ Ամսական պետք է արտադրեին ոչ թե 3000 պոլիմերակոմպոզիտային գազաբալոն, այլ՝ 3-5 անգամ ավելի։

 

Քաղաքականություն

Պատահարներ