Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատարանի որոշումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազի բողոքը՝ անփոփոխ թողնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Գագիկ Խաչիկյանը։

Դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի բողոքը, որով վիճարկվում էր հիմնավոր կասկածը, սակայն, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծեց փաստաբան Գ.Խաչիկյանը՝ հիմնավոր կասկածը բացակայում է և դատարանի որոշումը ստանալուց հետո կքննարկվի վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Սահմանված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, մինչդեռ, Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ ԱԺ-ի կողմից 2018 թվականին հայտարարված համաներումը կիրառվում է 60 տարին լրացած անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում։ Այլ կերպ ասած՝ մեղսագրվող հոդվածով դատարանի կողմից չի կարող անազատության տեսքով պատիժ նշանակվել, սակայն Նազարյանին պահանջել է կալանավորել ոչ միայն ՀՔԾ-ն՝ դատարան ներկայացնելով համապատասխան միջնորդություն, այլև ՀՀ դատախազությունը՝ բողոքարկելով կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը։

Պաշտպան Սասուն Ռաֆայելյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասաց, որ իրենց համար ևս անսպասելի էր, որ դատախազությունը բողոք կներկայացնի և, եթե հոդվածի վրա համաներում է տարածվում, ինչու՞ են ուզում անձին կալանավորել։ Ըստ նրա՝ դա դատախազության այսօրվա վարած քաղաքականությունն է, փորձում են ՔԿՀ-ները լցնել։
 

Ինչ վերաբերում է Ռոբերտ Նազարյանի մասնակցությամբ կատարվող քննչական գործողություններին, ապա պաշտպանը հայտնեց, որ այս ընթացքում որևէ գործողություն չի եղել, վարույթն իրականացնող մարմինը միայն մեկ անգամ է հրավիրել՝ քննչական խմբի նոր ղեկավարի հետ ծանոթացնելու համար։

Հիշեցնենք՝ քրեական գործով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին, հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Ռ.Նազարյանը չի ընդունել իրեն մեղսագրվող մեղադրանքները՝ այն գնահատելով անհիմն ու ապօրինի։ Ավելին` մեղսագրվող արարքի վրա տարածվում է համաներում:

Քաղաքականություն