Տագնապ՝ ԱԱՏՄ-ում. տեսչական մարմնում պայմանական հավաք է հայտարարվել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որով հայտնել է տեսչական մարմնում պայմանական հավաք հայտարարելու մասին: Այդ մասին հայտնում է ԱԱՏՄ-ն:

«Ըստ սցենարի՝ ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին ստորագրել է ՀՀ քաղաքացիական պաշտպանության համակարգն «Ուժեղացված աշխատանքային» ռեժիմի փոխադրման վերաբերյալ (ըստ ուսումնավարժության) որոշում։ Առավոտյան 07։00-ին ստացվել է «Հավաք» ազդանշան։

Ի կատարումն վարչապետի որոշման՝ ԱԱՏՄ համակարգում սահմանվել է «Ուժեղացված աշխատանքային» ռեժիմ։ ԱԱՏՄ պետի կողմից կառուցվածքային ստորաբաժանումների պետերին հրամայվել է սահմանված ժամկետում իրականացնել խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման պլաններով սահմանված միջոցառումներ, դրանց կառավարումն իրականացնել հիմնական կառավարման կետերից։

ԱԱՏՄ ստորաբաժանումները, ելնելով իրենց կանոնադրական գործառույթներից, պայմանական տագնապի շրջանակում հրատապ արձագանքման քայլեր են ձեռնարկել ըստ անհրաժեշտ հաջորդականության՝ խստացնելով վերահսկողությունն իրենց սպասարկման ոլորտներում։

Ուսումնավարժանքն անցկացվել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի եւ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանի գլխավորությամբ։ Դրան հետեւել են ՀՀ վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի ավագ մասնագետի պաշտոնակատար Մանվել Սերոբյանը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտպանական քաղաքականության բաժնի ավագ մասնագետի պաշտոնակատար Նարեկ Աբրահամյանը։

Այսօրինակ ուսումնավարժանքների նպատակն է բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել քաղաքացիական պաշտպանության շտաբների, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել քաղպաշտպանության պլանի իրատեսությունը և արտակարգ իրավիճակներում ճիշտ ու կազմակերպված գործելու կարիքները:

Գնահատման արդյունքները կամփոփվեն ամփոփման հրամանում, որի հիման վրա կպլանավորվեն և հնարավորին չափ սեղմ ժամկետերում կշտկվեն քաղպաշտպանության համակարգի էական խնդիրները:

ԱԱՏՄ-ում այսօրինակ միջոցառումներ անցկացվում են պարբերաբար։ Դրանց ընթացքում առարկայորեն քննարկվում են արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցեր»:

Քաղաքականություն

Պատահարներ